շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Մենք այս հայտարարությանը դեմ չենք, ասում ենք, որ այն ամբողջական չէ. Մինասյան

Մենք այս հայտարարությանը դեմ չենք, ասում ենք, որ այն ամբողջական չէ. Մինասյան

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, թե ինչու իրենց խմբակցությունը չի միացել ԱԺ հայտարարությանը՝ ադրբեջանական հարձակման վերաբերյալ:

Մինասյանն իր ելույթում նախ շեշտեց, որ նախորդ ամբողջ գիշեր իրենց խմբակցությունն աշխատել և հայտարարություն է արել: Ըստ «Հայաստան» խմբակցության՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մշակած հայտարարության  նախագիծն ամբողջական չէր:

Խմբակցությունն առաջարկել էր 4 կետ՝ որպես կարևորագույն ուղերձ՝ ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ ՀՀ քաղաքացիներին, սակայն դրանք չէին ներառվել նախագծում:

«Մենք այս հայտարարությանը դեմ չենք, ասում ենք, որ այն ամբողջական չէ: Եվ, հետևաբար, ոչ մի լուծում չի պարունակում իր մեջ: Եթե ուզում ենք, որ լուծում պարունակի, ապա պետք է հստակ, թիրախավորված ասենք»,-կարծիք հայտնեց Մինասյանը:

Այսպիսով` նա ասաց, որ չեն մասնակցելու հարցի քվեարկությանը, քանի որ նախագիծը համարում են կիսատ:

Արձագանքելով իշխանական պատգամավորներին՝ Մինասյանը շեշտեց՝ եթե իրենք շահագրգռված չլինեին պետականության պաշտպանության հարցով, այդ կարևորագույն կետերը չէին ասի:

  • Կիսվել: