շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Մեկ հոգևորականը կարողացավ լճացած ու ծույլ քաղաքական դաշտը տատանել, շնորհակալ եմ Բագրատ Սրբազանին․ Անի Սամսոնյան

Մեկ հոգևորականը կարողացավ լճացած ու ծույլ քաղաքական դաշտը տատանել, շնորհակալ եմ Բագրատ Սրբազանին․ Անի Սամսոնյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության համահիմնադիր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ինչու Բագրատ Սրբազանին հաջողվեց մի բան, որը չի հաջողվում քաղաքական գործիչներին:

Որովհետև.

1) Քաղաքական գործիչները կարծրացած են ու կաղապարված:

2) Քաղաքական գործիչները ամեն մեծ բանի տակ տեսնում են նախկինների ականջները (նրանք լինելու են ամեն ուր, որովհետև ունեն մեծ ռեսուրսներ, բայց դա չի նշանակում, որ եղած վիճակը պետք է արդարացվի), բայց այդպես էլ թափ ու կամք չեն հավաքում ընդդիմադիր դաշտը նախկիններից խլելու համար:

3) Քաղաքական գործիչները մեծամտացել են և իրենց համարում են քաղաքական մտքի գիգանտներ:

4) Քաղաքական գործիչները եսասեր են դարձել, որովհետև մտածում են` եթե ես չեմ հրապարակներում խոսողը, ուրեմն ոչ մի հրապարակ չի լինելու:

5) Քաղաքական գործիչները վախում են ճշմարտությունը ասել ժողովրդին` մտածելով միայն իրենց ռեյտինգի մասին:

6) Քաղաքական գործիչները վախենում են սխալվելուց, որովհետև ուզում են կարճաժամկետ օգուտներ բռնել և ոչ թե ստեղծել երկարաժամկետ արժեք:

7) Քաղաքական գործիչները մոռացել են մարդկանց միավորելու լեզուն, բայց վարպետացել են բաժանումներում:

8)Քաղաքական գործիչները չունեն ծրագիր, բայց առավոտից երեկո բանբասում են այլ ծրագիր չունեցողների կամ ունեցողների մասին:

9) Քաղաքական գործիչները Նիկոլ Փաշինյանի թամադայությամբ քաղաքականությունը պղտորել,մխտռել, փչացրել ու դատարկել են:

10)Այսպես քաղաքական գործիչները կորցրել են իրենվ ճիշտը, հեղինակությունը, հոգնել են ու մաշվել:

Մեկ հոգևորականը կարողացավ լճացած ու ծույլ քաղաքական դաշտը տատանել:

Այս շարժումը ինչ-որ ելք ունենալու է` անկախ դրա սպասելիքներից:

Բայց ես որպես երիտասարդ և քաղաքականության մեջ երկարաժամկետ նպատակներով քաղաքական գործիչ, շնորհակալ եմ Բագրատ Սրբազանին, որ նա ատելության կեղտից մաքրող քաղաքական խոսքով կարող է տալ նշանակալի արդյունք, որից կարող են օգտվել երիտասարդ քաղաքական գործիչները հանրության հետ աշխատելիս:

Այս շարժումը (իր բոլոր թերություններով հանդերձ) հրապարակային, գրասենյակներում, սրճարաններում, անձնական զրույցներում, անկողիններում, օնլայն զրուցարաններում (չատերում) ծաղրող քաղաքական դեմքերին (եթե, իհարկե, քաղաքական են) հարց ունեմ` դուք սրա կեսի կեսի կեսը կարո՞ղ էիք անել»:

  • Կիսվել: