երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Բագրատի հեղափոխությունից պրծանք, հիմա էլ Կտրիճի հեղափոխությունն է. գալու է ասի՝ նզովյալ լինես, եթե հրաժարական չտաս. Փաշինյան

Բագրատի հեղափոխությունից պրծանք, հիմա էլ Կտրիճի հեղափոխությունն է. գալու է ասի՝ նզովյալ լինես, եթե հրաժարական չտաս. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գարեգին Բ կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկել Հայաստանի տարբեր գյուղեր ու բնակավայրեր՝ հասկանալու համար Հայաստանում հասարակական-քաղաքական նոր շարժում սկսելու հնարավորությունը։

«Երեկ իմացել եմ, որ Կտրիճ Ներսիսյանը պատվիրակություններ է ուղարկել տարբեր գյուղեր, բնակավայրեր նոր հեղափոխություն մեկնարկելու բանով... Բագրատի հեղափոխությունից պրծանք, հիմա էլ սկսվելու է Կտրիճի հեղափոխությունը։ Գալու է ասի՝ «15 րոպե եմ տալիս, նզովյալ լինես, եթե հրաժարական չտաս»»,- ասել է Փաշինյանը։ 

Հարցին՝ կարո՞ղ է մանրամասներ ասել, թե ի՞նչ պատվիրակությունների մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. 

«Մենք տեղեկություններ ունենք, որ տարբեր բնակավայրեր խմբեր են ուղարկվել, որպեսզի զոնդաժ անեն հասարակական-քաղաքական շարժում սկսելու հնարավորությունը՝ 2024 թվականի պրոցեսների նմանությամբ»,- ասել է վարչապետը։

Հիշեցնենք, որ 2024 թվականին, երբ Տավուշի մարզում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց էր մեկնարկել, դրա դեմ բողոքի շարժում էր սկսվել Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ։ Կաթողիկոս Գարեգին Բ-ն սառեցրել էր Բագրատ արքեպիսկսպոս Գալստանյանի պաշտոնավարումը Տավուշի թեմում, իսկ Բագրատ արքեպիսկսպոս Գալստանյանն էլ հայտարարել էր, որ շարժումը սկսել է կաթողիկոսի օրհնությամբ։  

 

  • Կիսվել: