ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մակունցն անդրադարձել է Բալասանյանի ու Քոչարյանի հայտարարություններին

Մակունցն անդրադարձել է Բալասանյանի ու Քոչարյանի հայտարարություններին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ Արցախի անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ «Սասնա ծռեր»-ին առնչվող հայտարարությանը: Նա նշեց, որ հայտարարությունը անվտանգության տեսանկյունից ունի խնդիր, որին պետք է առաջին հերթին արձագանքի Արցախի Հանարպետությունը։

«Քաղաքական բովանդակությունից զուրկ, իրականության հետ որեւէ եզր չունեցող հայտարարություն մեկնաբանելն իմաստ չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ թե՛ Արցախի Հանրապետության անվտանգության տեսանկյունից պետք է արձագանքեմ ոչ թե ես, այլ արձագանքեն պատկան մարմինները, եւ առաջին հերթին՝ Արցախի Հանրապետությունից»,-վստահ է Լ. Մակունցը:

Նա նշեց, որ, քանի որ հայտարարության մեջ սպառնալիք է հնչում, ուստի ինքն անվտանգության տեսանկյունից խնդիր տեսնում է:

Պատգամավորն ասաց. «Պատերազմի ժամանակ առանցքային դերակատարում ունեցող անձանցից մեկի կողմից, եւ ընդհանրապես, ՀՀ վարչապետի հասցեին նման սպառնալիք հնչեցնելը, իհարկե, Հայաստանի եւ Արցախի անմիջականորեն անվտանգությանն է վերաբերում»։

Լ. Մակունցը նաև պատասխանեց լրագրողներից մեկի այն հարցին, թե Հայաստանից իրավական գործընթացներ սկսելու նախադրյալներ կա՞ն արդյոք:

Նա նշեց. «Ինչ վերաբերում է իրավական հիմքերին, ապա դրա պատասխան տվողը ես չեմ, երբ ասում եմ՝ պատկան մարմիններ, նկատի չունեմ նաեւ իրավապահ մարմիններին, այլ շատ լայն վերցրած ամբողջ դաշտը։ Այնպես որ՝ արձագանքը պիտի լինի համապատասխան մարմինների կողմից, առաջին հերթին՝ Արցախի Հանրապետությունից»։

Լրագրողներին հետաքրքրեց նաև Ռոբերտ Քոչարյանի ազատության համար գրված հայտարարության տեքստի տակ Վիտալի Բալասանյանի ստորագրելու առթիվ Մակունցի գնահատականը, ինչին ի պատասխան՝ վերջինս նշեց.

«Սթափության կոչերի առումով շատ անհեռատես հայտարարություն էր, քանի որ վերջին շրջանում այնպիսի տպավորություն է, որ կա մի իրողություն, որն առկա է, եւ մյուս կողմից կա մի երեւույթ, որը փորձում է ստեղծել եւ հրամցնել որպես իրողություն։ Եվ այդ պարագայում մեկնաբանել մի երեւույթը, որն իրականում գոյություն չունի, ես նպատակահարմար չեմ գտնում նման դիսկուրսի մեջ մտնել, այսինքն՝ բովանդակություն հաղորդել մի երեւույթի, որը իրականության հետ եզր չունի»։

Նշենք, որ Քոչարյանը հայտարարել էր, որ թե՛ բանտում, թե՛ ազատության մեջ պայքարելու է մինչև վերջ: Հարցին՝ արդյոք այս հայտարարությունն իշխանություններին չի՞ մտահոգում, Մակունցը պատասխանեց, որ մտահոգվելու որևէ առիթ չի տեսնում:

Հիշեցնենք, որ ԱԱ ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը Livenews.am-ին տված հարցազրույցում անդրադարձել էր «Սասնա ծռեր» կուսակցությանը՝ մասնավորապես նշելով հետևյալը.

«2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»։

Բալասանյանի հայտարարությանը պատասխանեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը՝ իշխանությունից պահանջելով ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք եւ իրավապահպան մարմիններին հանձնարարել կատարել իրենց ուղիղ պարտականությունը եւ չեզոքացնել պետության անվտանգությանը եւ քաղաքացիների կյանքին ուղղված իրական սպառնալիքները:

  • Կիսվել: