շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Մաղթում եմ, որ մեր հանդիպումը լավ իրադարձությունների նախանշան դառնա. Թուրքիայի փոխնախագահը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Մաղթում եմ, որ մեր հանդիպումը լավ իրադարձությունների նախանշան դառնա. Թուրքիայի փոխնախագահը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին


Ներկայացնելով մեր նախագահին՝ Նորին Գերազանցություն Ռեջեփ Թայիփ Էրդողանին, մենք համապարփակ և արդյունավետ հանդիպում ունեցանք Հայաստանի վարչապետ Նորին Գերազանցություն Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում, որտեղ մասնակցում ենք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նորին Գերազանցություն Փաշինյանի հետ հանդիպմանը համապարփակ կերպով գնահատեցինք մեր երկկողմ հարաբերությունները: Մենք հնարավորություն ունեցանք նաև քննարկելու տրանսպորտային, մաքսային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների ու կապերի ամրապնդմանն ուղղված քայլերը: Մենք նաև առանձնահատուկ ուրախ ենք, որ կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկված փոխադարձ կառուցողական քայլերը հանգեցնում են կոնկրետ առաջընթացի:

Մենք համարում ենք, որ համագործակցության խորհրդանշական և կոնկրետ ոլորտները, ինչպիսին է Անիի կամրջի համատեղ վերականգնումը, որի վերաբերյալ այսօր ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր, նույնպես կնպաստեն խաղաղության և անվտանգության կայուն մթնոլորտի ստեղծմանը:

Տարածաշրջանային խաղաղության, երկխոսության և կայունության հիման վրա մենք վճռականորեն կշարունակենք մեր մոտեցումը՝ ուղղված Հարավային Կովկասում կարգավորման առաջ մղմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը և մարդկային շփումների ամրապնդմանը: Մաղթում եմ, որ մեր հանդիպումը լավ իրադարձությունների նախանշան դառնա, և շնորհակալություն եմ հայտնում Նորին Գերազանցություն Փաշինյանին՝ իր ջերմ հյուրընկալության համար»:

  • Կիսվել: