Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցը գտնվում է կոնկրետ մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում․ Անդրանիկ Քոչարյան
1990 թ-ին էլ նույն վիճակն էր, բայց այդ իրավիճակը ստացավ իր զարգացումը և, այնուամենայնիվ, մեր ազգաբնակչության անվտանգային խնդիրները ժամանակի ընթացքում լուծվեցինք և ունեցանք 1994 թ-ի հրադադարը:
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ Հակար գետի կամրջի մոտ անցակետ տեղադրելու քայլին։ Պատգամավորի խոսքով ՀՀն-ն փորձում է ստեղծված իրավիճակից ելքեր գտնել եղած հնարավորություններն էֆեկտիվ կառավարելով։
Լրագրողների հարցին, թե 1990-ականներին իրավիճակը լուծվեց միայն պատերազմի միջոցով, նա պատասխանեց․ «Պատերազմն ունի իր օրենքները, հիմա մենք չպետք է խոսենք պատերազմի մասին, պետք է փորձենք հնարավորությունները օգտագործելով խուսափելու պատերազմից»,- Քոչարյանի դիտարկմամբ, այո, արցախցիները 4 ամիս է ՝ բլոկադայի մեջ են, բայց նա շեշտեց․ «Այդ պայմաններում էլ պետք է կարողանանք ապրել և մտածել ազատագրվելու մասին։ Բլոկադաները նաև երկար էլ են տևում, բայց երբ դիմանում ես, հաղթում ես»։
Դիտարկմանը, թե փաստորեն սահմանափակվել է Տեղ- Կոռնիձոր ճանապարհով Արցախ հասնելու հնարավորությունը, նա արձագանքեց․ «Դուք այդ ճանապարհից տեղյա՞կ էիք, այնքան խոսեցիք, որ պետք է փակվեր, էդ ճանապարհն օգտագործվում էր, այնուամենայնիվ , գիտեիք չէ՞։ Միշտ հարց էիք տալիս՝ ո՞նց գնացին հասան Արցախ, ճանապարհները փակ է։ Հանգիստ էղեք, բոլոր փակ ճանապարհները մի օր բացվում են և, երբ չկա հասկացվածություն բաց ճանապարհները մի օր էլ փակվում են»։
Կրկին խոսելով անցակետի տեղադրումից՝ նա նշեց․ «Անցակետ տեղադրելու հարցը գտնվում է կոնկրետ մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում։ Տեսնենք անելիքներ կա՞ն այդտեղ, թե՞ չկան։ Ռուսաստանը պետք է իրագործի այն պատասխանատվությունը, որը ստանձնել է նոյեմբերի 9-ի համաձայնագրով»։


