երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Կքրեականացվի ընտրություններին մասնակցող թեկնածուին ինքնաբացարկ ներկայացնելուն, մանդատից հրաժարվելուն հարկադրելը

Կքրեականացվի ընտրություններին մասնակցող թեկնածուին ինքնաբացարկ ներկայացնելուն, մանդատից հրաժարվելուն հարկադրելը

Ընտրություններին մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը քրեականացվում է՝ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար, Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը:

«Քաղաքացիներն ավելի հեշտ կիրականացնեն իրենց ընտրական իրավունքները: Օրինակ՝ իրենց հաշվառման համայնքում քվեարկելու անհնարինության դեպքում քաղաքացիներն արդեն էլեկտրոնային դիմումով կկարողանան փոխել տեղամասը և էլեկտրոնային ծանուցմամբ կգնան նոր տեղամաս՝ քվեարկության, առանց թղթային տեղեկանքի»,-ասաց Հարությունյանը:

Հաշմանդամության և տեղաշարժման դժվարություններ ունեցող անձինք ևս էլեկտրոնային դիմումով կկարողանան ընտրել իրենց համար ավելի մատչելի ընտրական տեղամաս, տեսողության խնդիրներ ունեցող անձինք կապահովվեն լրացուցիչ միջոցներով: 
«Քրեականացվում է ընտրություններին մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը: Նախատեսվում է կարճաժամկետ ազատազրկում 1-2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ է պատժվելու առավելագույնը 3 տարի ժամկետով»,-ասաց փոխնախարարը:

Միասնականացվում են հերթական և արտահերթ ընտրությունների ժամկետները: Ներկայումս թե խորհրդարանական, թե ՏԻՄ հերթական և արտահերթ ընտրությունների կազմակերպման և անցկացման ժամկետների հարցում սահմանված է տարբերակված մոտեցում: Արտահերթ ընտրությունների դեպքում առավել սեղմ ժամկետ է նախատեսված, ինչը հնարավորություն չի տալիս պատշաճ պատրաստվելու ընտրական գործընթացներին:

«Ընդլայնվում է դիտորդական առաքելություն իրականացնելու սուբյեկտների շրջանակը: Այսուհետ հիմնադրամները ևս կարող են հավատարմագրվել: Կարգավորվում է քարոզչական նյութերի փակցման հարցը, որպեսզի մեր քաղաքացիների ապրելու միջավայրը, փողոցները, բազմաբնակարան շենքերը, պատշգամբները չլցվեն քարոզչական պաստառներով»,-ասաց Հարությունյանը:

Հստակեցվում է, թե ինչ է տեղի ունենում ընտրությունների հետ արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու դեպքում: Ներկայումս օրենքն արգելվում է ընտրությունների նշանակումն ու անցկացումը ռազմական և արտակարգ դրության պայմաններում: «Հնարավորություն տալու հարց է առաջացել՝ հաշվի նստելով նոր իրողությունների հետ: Մյուս բոլոր դեպքերում ընտրական գործընթացը կկասեցվի և կշարունակվի այն պահից, որտեղ կանգ է առել որոշակի բացառություններով»,-ասաց Հարությունյանը:

Վարչական պատասխանատվություն կնախատեսվի թեկնածուի կողմից գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու, սահմանված կարգի խախտմամբ կամ չթույլատրված վայրում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար: 

 

 

  • Կիսվել: