չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի հավատարմատար Վալերի Լոբաչին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Ուկրաինայի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ կարևորելով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել կրթության և գիտության ոլորտներում համագործակցության իրավապայմանագրային հարցերի վերաբերյալ՝ անդրադառնալով բարձրագույն կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության համաձայնագրերի ստորագրմանը:

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի հավատարմատար Վալերի Լոբաչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Հայաստանի հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Նա բարձր է գնահատել ԿԳՄՍ նախարարության կողմից կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցությունը նշված ուղղություններով։ Քննարկվել են նաև Ուկրաինայում գործող հայկական դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և կարևորել շարունակական շփումների ու գործնական քայլերի իրականացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

  • Կիսվել: