Խոսակցություններն այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստվում է զենք վաճառել Հայաստանին, ոչ թե հստակ ինֆորմացիայի վրա են հիմնված, այլ զուտ վերլուծություններ են. միջազգայնագետ
Խոսակցություններն այն մասին, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը պատրաստվում է զենք վաճառել Հայաստանին, ոչ թե հստակ ինֆորմացիայի վրա են հիմնված, այլ առավելապես զուտ վերլուծություններ են: Այս մասին Infoport.am-ի հետ զրույցում ընդգծեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Ես այս պահին նման հեռանկարը շատ բարդ եմ պատկերացնում: Որովհետեւ նման նախաձեռնությունը իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ում իրավական փոփոխություններ եւ քաղաքական կամք: ԱՄՆ-ն կարող է նման քայլի գնալ միայն այն դեպքում, եթե նրա շահերից բխի Ադրբեջանին դեմ զինել Հայաստանին: Բայց այս պահին ԱՄՆ նման շահ չունի»,- ընդգծում է միջազգայինագետը:
Անդրադառնալով վերջին շրջանում ամերիկյան ակտիվացմանը Հարավային Կովկասում և հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում` Սարգսյանը նշեց, որ ԱՄՆ-ն սովորաբար ակտիվանում է այն ժամանակահատվածում, երբ ռեալ հնարավորություն է տեսնում հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում: «Սակայն այժմ ԱՄՆ մեր տարածաշրջանում ակտիվացել է ՌԴ-ի առաջ ծառացած խնդիրների համատեքստում` հաշվի առնելով Ռուսատանի ծանր կացությունը»,- նկատեց նա:
Նշենք, որ օրերս ANCA-ն հայտարարություն էր տարածել առ այն, որ 1991 թվականից սկսած առաջին անգամ ԱՄՆ-ի ղեկավարությունը Կոնգրեսի բազմակուսակցական ճնշման ներքո քննարկում է Հայաստանին զենք ու սպառազինություն վաճառելու հնարավորությունը` թուրք-ադրբեջանական ագրեսսիային դիմակայելու համար:


