հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
Խորհրդարան է այցելել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը

Խորհրդարան է այցելել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը

Մենք հանդիպում ենք մի ժամանակահատվածում, երբ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններն ապրում են իրենց պատմական ամենաակտիվ, խոր և բովանդակալից փուլերից մեկը։ Սա պարզապես դիվանագիտական կապերի ընդլայնում չէ։ Սա մեր երկրի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական դիմակայունության և ժողովրդավարական ապագայի ամրապնդմանն ուղղված ռազմավարական ընտրությունն է։ Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը՝ ողջունելով Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը, որը խորհրդարանում էր՝ մասնակցելու ԵՄ մոտարկման գործընթացների վերաբերյալ դասընթացի բացմանը, հայտնում են ԱԺ-ից:

Անդրադառնալով տարածաշրջանում ԵՄ առանցքային դերակատարությանը՝ Արուսյակ Ջուլհակյանը սահմանային անվտանգության և տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից անկյունաքարային քայլ է համարել ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում։

«Այս դասընթացը հիանալի հարթակ է՝ խորությամբ հասկանալու Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամբողջ ներուժը, մարտահրավերները և ապագա տեսլականը»,- դիմելով դասընթացի մասնակիցներին՝ ասել է Արուսյակ Ջուլհակյանը։

Հանձնաժողովի նախագահի խոսքով դասընթացի մասնակիցների մասնագիտական գիտելիքները, քննարկումներն ու առաջարկները չափազանց կարևոր են մեր երկրի արտաքին քաղաքականությունը, ներքին բարեփոխումներն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Դասընթացի մասնակիցներին ողջունել է նաև Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետրշչիկը։ Նրա տեղեկացմամբ այցի նպատակն է երկու երկրների միջև փորձի փոխանակման խթանումը և առավել ամուր համագործակցության ձևավորումը։ Հանդիպման կարևոր թեմաներից են «Հայաստանի եվրոպական ձգտումները» և «Ճանապարհ դեպի Եվրամիություն»։

«Մենք հարգում ենք Հայաստանի եվրոպական ձգտումները և ցանկանում ենք նրան ուղեկցել այդ ճանապարհին»,- ասել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը։

Լուցիան Պիետրշչիկը կարևորել է խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցությունն այս հարցում։

  • Կիսվել: