երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան

Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան

Մենք ուրախ ենք հանդիպելու, կընդունենք հրավերը: Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հայտարարությանը:

Իսկանդարյանը մասնավորապես գրել էր՝ Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ՝ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որի հետ կապված Նարեկ Կարապետյանը նշեց, որ կհանդիպեն և կքննարկեն դրա առանցքային հարցերը:

«Ինչ վերաբերում է ձևաչափին, ամենակարևորն արցախահայության իրավունքների պաշտպանությունն է, որի ուղղությամբ պետք է աշխատենք, մարդկանց տնավորման հարցն է, այսինքն՝ արցախահայերն այս պահին ունեն խնդիր, տների գները բարձրացել են, մարդիկ այդ տրված վճարներով չեն կարողանում տուն գնել: Շրջաններում վերաբնակեցված, ապաստան գտած արցախցիների մոտ կա գործազրկություն: 

Պետք է կարողանանք այնպիսի ծրագրեր առաջարկել, որ նախ համակարգվածություն լինի, այսինքն՝ իրար հետ շփում լինի:

Ես պատկերացնում եմ, որ արցախահայերը պետք է ունենան մեկ մեծ կազմակերպություն, որը կպահի նաև մշակութային առումով: Պետք է ստեղծվի մշակութային կենտրոն, որտեղ մարդիկ, նոր սերունդը կօգտագործեն լեզուն: Իհարկե, գերնպատակն անվտանգ վերադարձի իրավունքն է, բայց մենք այստեղ պետք է ունենանք մշակույթային կենտրոն, պետք է ունենանք կազմակերպություն, իրար հետ կապը պետք է պահեն արցախահայերը»,-ասաց Նարեկ Կարապետյանը:

  • Կիսվել: