Խաղաղության հասնելու Երևանի միակողմանի զիջումների ֆոնին Բաքուն շարունակում է առաջ տանել իր հայատյաց քաղաքականությունը․ Լևոն Քոչարյան
Գաղտնիք չէ, որ ադրբեջանական հասարակությունում հայատյացությունն ու հայերի նկատմամբ ատելությունը սերմանվում են դեռ մանկուց՝ սկսած մանկապարտեզներից։ Հոկտեմբերի 8-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ընթացքում այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ դա, ըստ էության, նրանց պետական ծրագրի մասն է։ Ընդ որում, պատգամավորի խոստովանությամբ, ինքը վերջին շրջանում այդ մասով որևէ փոփոխություն չի նկատել։
«Նրանք մինչ օրս պահպանում են նույն տրամադրությունները և բավականին բացահայտ խոսում են իբր պատմական ադրբեջանական հողերի նկատմամբ իրենց հավակնությունների մասին, որոնք «հայտնվել են Հայաստանի վերահսկողության տակ»։ Ցավոք, մեր երկրում սա համարժեք պատասխանի չի արժանանում», — ասել է Քոչարյանը։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Երևանը պատրաստ է գնալ և, ըստ էության, գնում է միակողմանի զիջումների՝ երկար սպասված խաղաղությանը հասնելու համար։ Մինչդեռ պաշտոնական Բաքուն իր արտաքին քաղաքականության մասով որևէ բան չի փոխել։
«Ելնելով դրանից՝ առնվազն հարց է առաջանում, թե որքանով է հակառակ կողմն ազնիվ ու բաց իր նկրտումներում։ Այնպես որ, սա, անկասկած, մտահոգության բազմաթիվ պատճառներ ու հիմքեր է տալիս։ Մենք բոլորս պետք է այս ամենից համապատասխան հետևություններ անենք», — եզրափակել է Լևոն Քոչարյանը։



