ԿԳՄՍ նախարարության և ՀԷՑ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք նախարարությունից։
Կողմերը կհամագործակցեն էներգետիկայի ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման, կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման և որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ: Աբովյանի պետական էներգետիկական քոլեջում նախատեսվում են մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ ուսումնագործնական միջավայրի և նյութատեխնիկական բազայի արդիականացում՝ ներառյալ ժամանակակից լաբորատորիաների, ուսումնական սարքավորումների և գործնական ուսուցման համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ կարևորելով այն հանգամանքը, որ նախաձեռնողը ոլորտի կարևորագույն կառույցն է. «Թեև քոլեջը տեղակայված է Աբովյանում, բայց այն պատրաստում է ամբողջ հանրապետության ամենակարևոր ոլորտներից մեկը սպասարկող մասնագետների, և իսկապես, օրվա խնդիր է այս օրգանական կապի ստեղծումը: Մենք մեծ աշխատանք ենք սկսում, որի կրթական ծրագրերը պետք է լինեն էներգետիկ ոլորտի համար կարևոր բովանդակությամբ ու վերջնարդյունքներով»:



