Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Վաղը Կառավարության նիստում գործադիրը հավանություն կտա Վաշինգտոնում 2026 թվականի հունիսի 1-ին և 2026 թվականի հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Կառավարության որոշման մեջ ասվում է.
«Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին` նրան վերապահելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով կողմին վերապահված բոլոր իրավունքները»,- նշված է որոշման մեջ:
Նախագծի հիմնավորման մեջ նաև շեշտվում է, որ առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2026թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026թ. հունիսի 4-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:
Օրենքի ընդունման արդյունքում, ըստ կառավարության հիմնավորման, կապահովվեն 2026թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026թ. հունիսի 4-ին Երևանում ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Նշենք, որ օրենքի նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բազմակողմանի կերպով զարգացնելու առաջնահերթություններից։
Հիշեցնենք, որ «Թրամփի ուղի»-ին՝ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 4-ին։ Փաստացի այն մտավ վավերացման փուլ. սկսվում է սահմանադրական դատարան դիմելու և վավերացման գործընթացի փուլը: Մինչ խորհրդարանում վավերացումը, կառավարությունը փաստաթուղթը կուղարկի ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար։



