շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Ընդդիմադիր դաշտում համագործակցության շուրջ առողջ քննարկումներ են ընթանում․ Քրիստինե Վարդանյան

Ընդդիմադիր դաշտում համագործակցության շուրջ առողջ քննարկումներ են ընթանում․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը կարևորում է ընդդիմադիր ուժերի համագործակցության շուրջ ընթացող քննարկումները։

Վարդանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Լրագրողը հետաքրքրվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ հնարավոր համագործակցության, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյան-Սամվել Կարապետյան հնարավոր հանդիպման վերաբերյալ։

Վարդանյանի խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունն այն ուժերից է, որը դեռ նախընտրական շրջանում խոսել է համագործակցության անհրաժեշտության մասին։

«Մենք ենք եղել այն ուժը, որ այդ թվում նաև նախընտրական շրջանում ասել է՝ այո, համագործակցություն անհրաժեշտ է, որովհետև ստեղծված իրավիճակում չկա մի քաղաքական ուժ կամ մի անհատ, որ կարող է միայնակ խնդիրներ լուծել»,- ասաց Վարդանյանը։

Նրա գնահատմամբ՝ ներկայում ընդդիմադիր դաշտում այդ ուղղությամբ գործընթաց է սկսվել։

«Ուրախ ենք, որ հիմա գնում ենք այդ ճանապարհով»,- նշեց պատգամավորը։

Վարդանյանը կոնկրետ մարդկանց հանդիպումների կամ հնարավոր համագործակցության մանրամասների մասին տեղեկություն չհայտնեց՝ նշելով, որ այժմ ընթանում են քննարկումներ։

«Կոնկրետ մարդկանց հանդիպումների մասին, բնականաբար, ես չեմ կարող ասել։ Հիմա կան քննարկումներ, առողջ քննարկումներ, որոնց արդյունքները, կարծում եմ, առաջիկայում կդրսևորվեն»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ կարևոր է, որ կա համագործակցության անհրաժեշտության գիտակցում։

Նրա գնահատմամբ՝ առաջիկա փուլում, այդ թվում՝ Սահմանադրական դատարանում ընդդիմադիր ուժերի բողոքների քննարկման ժամանակ, ավելի տեսանելի կդառնա, թե ինչի շուրջ են ընթանում քննարկումները և համատեղ աշխատանքը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն օրերս հայտարարել էր, որ սկսում է ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի համախմբման գործընթաց։ Նա նշել էր, որ ցանկանում է ձևավորել հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։

 

  • Կիսվել: