շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Կացնային ձևով կրճատելու եմ ծառայողական մեքենաների թիվը. վարչապետ

Կացնային ձևով կրճատելու եմ ծառայողական մեքենաների թիվը. վարչապետ

Ես կառավարության դռնփակ մասում ասեցի, որ նաև 2018 թվականից ես ունեմ հանձնարարական՝ զբաղվել այդ գործով, և ունեմ զեկույցներ, որ այդ խնդիրը լուծվել է, լուծվում է: Այս մասին Հանրային ՀԸ-ի հետ զրույցում ասաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ծառայողական մեքենաների թիվը կրճատելու իր խոստմանը:

«Ինձ թվում էր, թե մենք այդ հարցերը էականորեն, շատ ծանրակշիռ ձևով լուծել ենք, եթե ոչ 100 տոկոսով, գոնե 60-70 տոկոսով, բայց բայց իրականությունը մի փոքր այլ է:

Ես հասկանում էի, որ այդ հարցում, ինչպես շատ հարցերում, կացնային մոտեցումը կարող է ուղղակի բազմաթիվ խնդիրներ առաջացնել՝ կազմակերպչական, աշխատանքային և այլն: Եվ ես երեկ մեր գործընկերներին ասեցի՝ քանի որ այս ժամանակը և հանձնարարականը պատշաճ չի օգտագործվել այդ խնդիրը համակարգված և խորքային ձևով լուծելու համար, հիմա ես ամենայն հարգանքով այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով։

Ես գերատեսչությունների մեքենաների ցուցակները ուզում եմ և առավոտ էլ էի դրանով զբաղված, և ուղղակի այսպես գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա: Սա կացնային մոտեցում է, և ես համոզված եմ, որ այդ մոտեցման արդյունքում կառաջանան որոշակի կազմակերպչական խնդիրներ, բայց այդ խնդիրները կառաջանան, որովհետև մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձևով չեն արձագանքել իմ հրապարակային և ոչ հրապարակային ասածներին: Հիմա ստիպված կացինով պետք է կտրել»,-ասաց նա:

Հարցին՝ հիմա քանի՞ տոկոսն է կացինով կտրելու, Փաշինյանը պատասխանեց. «Շատ մեծ տոկոս, մոտավորապես 80, 90 տոկոսը: Բայց ես ուզում եմ ասել, որ խոսքը ծառայողական ավտոմեքենաների մասին է, որովհետև նախարարություններում, գերատեսչություններում կան մեքենաներ, որոնք չեն ծառայում անձանց, այլ ծառայում են աշխատանքների: Այդ մեքենաների թիվը չի կրճատվի ընդհանրապես։ Հնարավոր է նույնիսկ ավելանա այս մյուս մեքենաների հաշվին»:

  • Կիսվել: