Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին»․ անվտանգության լուրջ ռիսկեր կան. Վելայաթի
Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA-ին:
Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Վելայաթին Թեհրանում Հայաստանի դեսպանին ասել է, որ Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին՝ այն համարելով սպառնալիք իր անվտանգության համար:
Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականը հայտարարել է, որ Իրանն ի սկզբանե դեմ է եղել, այսպես կոչված, ՛՛Զանգեզուրի միջանցքին՛՛, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն եւ զգուշանում է անվտանգության սպառնալիքներից։
Ըստ Վելայաթիի՝ այդ միջանցքը կարող էր ապահովել ՆԱՏՕ-ի ներկայությունն Իրանի հյուսիսում, ինչը անվտանգության լուրջ ռիսկեր կստեղծեր Իրանի հյուսիսային շրջանների եւ Ռուսաստանի հարավի համար։ Նա հավելել է, որ ՛՛Թրամփի պլանը՛՛, ըստ էության, նույն նախագիծն է, միայն փոփոխված անվանումով, և ներկայումս իրականացվում է ամերիկյան ընկերությունների՝ Հայաստան մտնելու միջոցով։


