Իրանի դեսպանը հումորային պատմություն պատմեց Հանրապետության հրապարակում օրերս աղմուկ բարձրացրած տեսանյութին անդրադառնալով
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին անդրադարձավ հանրային աղմուկ բարձրացրած տեսանյութին, որտեղ մի խումբ ԻԻՀ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում երգում են «Ղարաբաղ» երգը։
Նախ դեսպանը ընդգծեց, որ տեսանյութի որակը վատն էր, և նույնիսկ ինքը չի հասկացել, թե տվյալ անձինք կոնկրետ ինչ են երգում։
«Այն, ինչ հեռարձակվել է, իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում», - նշեց դեսպանը՝ այդուհանդերձ ավելացնելով, որ տեղի ունեցածը կասկածելի է և պետք է ուսումնասիրվի:
«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ովքեր ռասիստական ու ազգայնական լոզունգներով են հանդես գալիս, նրանք ո՛չ Իրանի ժողովրդի ներկայացուցիչներ են, ո՛չ էլ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումն արտահայտողները», - ընդգծեց նա։
Դեսպանը նաև նշեց, որ նմանատիպ երևույթներ լինում են նաև Իրանում, բայց դրանք ի վիճակի չեն պառակտել իրենց ժողովրդին։ «Եթե Իրանի մամուլին, լուրերին հետևեք, օրինակ, կարող է որևէ ֆուտբոլային խաղի ժամանակ ինչ-որ մարդիկ ինչ-որ ցուցանակներով ներկայանան և ազգային միասնության դեմ կարգախոսներ հնչեցնեն: Սակայն նման արարքները մեր երկրի ներսում, մեր ժողովրդի կոնսոլիդացիայի վրա չեն ազդում, նույնպես նաև մեր երկրի ազգային համաձայնության քաղաքականության վրա։ Նման դրսևորումները մեր երկրում, մեր ժողովրդի հանար ոչ մի նշանակություն չունեն», - ընդգծեց դիվանագետը։
Նա շեշտեց, որ նման դեպքերը և նման կասկածելի գործողությունները չպետք է կասկած առաջացնեն ՀՀ-ի վերաբերյալ ԻԻՀ դիրքորոշումների, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ: «Ես այդ տեսահոլովակը տեսա, այդ քաղաքացիները ոչ միայն Իրանի ադրբեջանախոս ժողովրդի, այլ նաև Իրանի ժողովրդի ներկայացուցիչներ չեն հանդիսանում։ Հնարավոր է, որ նրանք իրենց գործողություններով ցանկանում են ՀՀ ժողովրդի մոտ, մեր բարեկամների մոտ թյուրիմացություն և կասկածանքներ առաջացնել», - նկատեց նա՝ խորհուրդ տալով հայ ժողովրդին շատ ուշադիր և զգոն լինել, որ նման իրողությունների ալիքի վրա չփորձեն նրան այլ ուղղությամբ տանել:
«Ովքեր նման գործողությունները և նման վարկաբեկումները փորձում են տարածել, նրանք պետք է շատ զգոն լինեն, որ թշնամիների հարաբերությունների, թշնամիների տարածքում և տիրույթում նրանք չխաղան», - շեշտեց դեսպանը։
Այս իրադրության հետ կապված դեսպանը մի հումոր է հիշել. «Եթե թույլ տաք, մի հումոր ասեմ՝ երկու հոգի կռվում են, վիճելու ընթացքում մեկը մյուսին հայհոյում է, մի կողմը գնում է ոստիկաություն, հենց ոստիկանության մուտքի մոտ այդտեղ կանգանած ոստիկանին ասում է, որ այդ մարդն իրեն հայհոյել է: Ասում է՝ գնա հերթապահ ոստիկանին ասա: Գնում է հերթապահի մոտ, նույնն ասում, նա էլ ասում է՝ դու պիտի գնաս քրեական բաժին, այնտեղ բողոքես: Մարդը գնում է քրեական բաժին, նույն բանը պատմում, հետո ասում են՝ դե լավ, նստած ոստիկանին ասա՝ ինչ հայհոյանք է տվել, թող արձանագրի: Այնպես եղավ, որ այս մարդը ոստիկանության տասը օղակներով անցավ, բոլորը հասկացան, որ այն մյուս քաղաքացին հայհոյել է իրեն: Վերջում ոստիկանապետը կանչեց, մյուս կողմին ասաց՝ ներողություն խնդրիր, ասա, որ այլևս չես հայհոյի: Նա ասաց՝ ես չեմ հայհոյել, ստում է նա:
Ի՞նչ եմ ուզում ասել՝ որ հենց այդ անձն ինքը մի տասը հոգու դիմել է և հայտնել է, որ իրեն հայհոյել են: Ովքեր տարածում են նման տեսանյութեր, նրանք հերքված ինչ-որ գործի հետևից են ընկել»: