երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ինչն էր այս ընտրությունների հաղթաթուղթը. փաստեր․ «Ժողովուրդ»

Ինչն էր այս ընտրությունների հաղթաթուղթը. փաստեր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ հաղթանակը միայն քաղաքական ուժի հաղթանակ չէր։ Սա նաև քաղաքական ոճի, քարոզչական մեթոդների, հասարակական տրամադրությունների և արժեքային ընտրության հաղթանակ էր։ Ընտրությունները ցույց տվեցին, թե ինչն է այսօր առավել ազդեցիկ աշխատում հայկական քաղաքական իրականության մեջ և ինչ ուղերձներ են առավել արդյունավետ հասնում ընտրողին։

ArmLur.am-ը արձանագրել է, որ առաջին հերթին հաղթեց Նիկոլ Փաշինյանը՝ որպես անհատ քաղաքական գործիչ, ոչ այնքան ՔՊ-ն, որքան հենց Փաշինյանը։ Քարոզարշավի հիմնական դեմքը նա էր։ Ինքն էր խոսում, ինքն էր համոզում, ինքն էր վերցնում քաղաքական հարվածները, ինքն էր դառնում քննադատության գլխավոր թիրախը, ինքն էր մտնում ամենօրյա քաղաքական պայքարի մեջ և անմիջական շփվում քաղաքացիների հետ։ Քարոզարշավն ամբողջությամբ կառուցված էր նրա անձի շուրջ, և արդյունքը ցույց տվեց, որ այդ մարտավարությունն աշխատեց։

Հաղթեց նաև Նիկոլ Փաշինյանի աշխատասիրությունն ու քարոզչական հմտությունը։ Մինչ բազմաթիվ քաղաքական ուժեր քարոզարշավն սկսում էին օրվա երկրորդ կեսից, Փաշինյանը վաղ առավոտից արդեն մարզերում էր իր ուրախ ավտոբուսով, հանդիպումների մեջ էր, աշխատում էր քաղաքացիների հետ։ Անձրևը, ցուրտը կամ շոգը նրա համար քարոզչությունը դադարեցնելու պատճառ չէին դառնում։ Մինչդեռ շատ մրցակիցներ այդ առումով զիջում էին նրան։

ArmLur.am-ը արձանագրում է, որ այս ընտրություններում հաղթեց նաև քաղաքական կոշտ, անընդունելի բառապաշարը։ Տարիներ շարունակ հանրային ու քաղաքական շրջանակներում քննադատության արժանացած խոսույթը՝ «բռնել», «կզացնել», «պատերով տալ», «ասֆալտին փռել» և նմանատիպ արտահայտությունները, ոչ միայն չվնասեցին Փաշինյանի վարկանիշին, այլ, փաստորեն, դարձան նրա քաղաքական կապիտալի մի մասը։ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հասարակության զգալի հատվածի համար նման հռետորաբանությունը պահանջված է։ Սա, թերևս, այս ընտրությունների ամենաուշագրավ քաղաքական եզրակացություններից մեկն է։

Միաժամանակ ArmLur.am-ը արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանի դեմքով հաղթեց նաև պոպուլիզմը, ֆեյքը և քաղաքական անպատասխանատվությունը։ Նրա բազմաթիվ հայտարարություններ հիմնված էին իրականությանը չհամապատասխանող պնդումների և չափազանցված գնահատականների վրա։ Սակայն նա կարողացավ այդ ուղերձները ներկայացնել հասարակության համար ընկալելի և ազդեցիկ ձևով՝ քաղաքական արդյունավետության տեսանկյունից ստանալով ցանկալի արդյունքը։ Ասում էր խաղաղություն, բայց խաղաղության մյուս կողմը մեր երկիրը համարում է իրենը, օկուպացրել է մեր տարածքները և չի վերադարձնում մեր գերիներին։ Փաշինյանն ասում էր տնտեսական անկախություն, բայց բոլոր գործարարները վախի մեջ են՝ սխալ բան չանեն, որ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի նման ունեզրկման առաջ չկանգնեն։ Ասում էր խոսքի ազատություն, բայց իրեն հակաճառողները, քննադատները բանտերում են՝ մի մասը՝ SMS-ային ցուցումներով։ Ասում էր ժողովրդավարություն, բայց մենիշխանություն է մեր երկրում։

Եվ այս առումով պետք է նկատել, որ այս ընտրություններում հաղթեց նաև վարչական ռեսուրսը և ուժային համակարգի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ ուժային կառույցները դեռևս նոյեմբեր ամսից սկսել էին հատուկ ուշադրության տակ պահել հիմնականում երեք ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը։ Ընդդիմադիր շրջանակներում համոզված են, որ ողջ ուժային բլոկն այս ընտրությունների ընթացքում գործել է աննախադեպ քաղաքականացված և ուղղորդված պայմաններում։ Ռեպրեսիաները, որոնք կիրառվեցին այս ընտրություններում, տարբեր գնահատականներով, չեն կիրառվել անգամ ամենամերժելի իշխանությունների օրոք։

ArmLur.am-ը արձանագրում է նաև, որ ակնհայտորեն այս ընտրություններում հաղթեցին հակառուսական տրամադրությունները և եվրոպական ուղղությունը։ Ընտրողների զգալի մասը նախընտրեց այն քաղաքական ուղեգիծը, որը կապվում է Եվրոպայի հետ՝ մերժելով ռուսական ազդեցության խորացման հեռանկարը։ Սա այն քաղաքական ուղերձն է, որը դժվար է անտեսել նաև Մոսկվայում։

Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում էր տնտեսական կամ այլ լծակների միջոցով ազդել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա, ապա արդյունքը, ըստ էության, հակառակը եղավ։ Տնտեսական ճնշումները և ռեպրեսիվ ընկալվող քայլերը ոչ թե ուժեղացրին ռուսամետ տրամադրությունները, այլ նպաստեցին եվրոպական ուղղության նկատմամբ հանրային համակրանքի աճին։ Հռոմում սուրճ խմելու հեռանկարն ավելի պայծառ թվաց ՀՀ քաղաքացուն, քան ռուսական դարավոր եղբայրությունը։

Այսպիսով, ընտրություններում հաղթեց Նիկոլ Փաշինյանը, հաղթեց նրա մերժելի աշխատաոճը, հաղթեց կոշտ և հաճախ ագրեսիվ քաղաքական լեզուն, հաղթեցին վարչական ռեսուրսներն ու եվրոպական ուղղության օգտին ձևավորված հասարակական տրամադրությունները։ Իսկ պարտված կողմերի համար առաջիկա օրերը լինելու են ոչ թե հայտարարությունների, այլ խորքային վերագնահատումների և եզրակացությունների շրջան. ինչո՞ւ պարտվեց ընդդիմությունը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: