Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին և իրենց քաղաքացիական պատասխանատվությամբ ու քվեի ուժով կերտել Հայաստանի ապագան։ Կուսակցության տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․
«Հարգելի՛ հայրենակիցներ, 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր պետության և ժողովրդի ապագայի համար։ Այս ընտրությամբ մենք որոշելու ենք, թե ինչ ուղիով է շարունակելու զարգանալ Հայաստանի Հանրապետությունը՝ ինքնիշխանության և պետականության ամրապնդմա՞ն, թե մեկ այլ պետությունից վասալային կախվածության, հարևանների հետ խաղաղ համակեցության և տնտեսական առաջընթացի՞, թե հավերժ թշնամանքի ու շրջափակման, ժողովրդավարության և օրենքի գերակայությա՞ն, թե հետընթացի և քրեաօլիգարխիկ համակարգի վերականգնման ճանապարհով։
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին և իրենց քաղաքացիական պատասխանատվությամբ ու քվեի ուժով կերտել Հայաստանի ապագան։ Այդ առումով կոչ ենք անում աջակցել այն ուժերին, որոնք ունեն Հայաստանի վաղվա օրվա հստակ տեսլական, պետականամետ մտածողություն և մեր երկրի առաջընթացի իրական ծրագիր։
Հունիսի 7-ին ձեր քվեն լոկ ընտրություն չէ․ այն որոշում է Հայաստանի վաղվա օրը։
Մասնակցե՛ք ընտրություններին և ձեր քվեով կերտե՛ք ինքնիշխան, անվտանգ և բարգավաճող Հայաստանը»։



