Հպարտ եմ, որ ներկայացնում եմ հայ-ամերիկյան մեծ հանրություն ունեցող շրջան. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքում գրառում է արել այն մասին, որ իր համար պատիվ էր միանալ հայկական ծագմամբ հազարավոր ամերիկացիների եւ Լոս Անջելեսում ողջունել վարչապետ Փաշինյանին:
«Երեւանը կարող է լինել Հայաստանի մայրաքաղաքը, սակայն ես կարծում եմ՝ բոլորը կհամաձայնվեն, որ Լոս Անջելեսը համարվում է հայկական սփյուռքի մայրաքաղաք: Կոնգրեսի իմ բազմաթիվ գործընկերների եւ ողջ Լոս Անջելեսում իմ ընկերների հետ միասին մեծ հետաքրքրությամբ եւ հույսով հետեւում էի, թե ինչպես Հայաստանը Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական վերածնունդ վերապրեց: Ելնելով այդ քաոսային իրավիճակից՝ իշխանության խաղաղ փոխանցումն ու ազատ ու արդար ընտրությունների անցկացումը ցույց է տալիս հայկական ժողովրդավարության ուժն ու կայունությունը:Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը խորացնում եւ ամրապնդում է իր գլոբալ կապերը: Հպարտ եմ, որ ներկայացնում եմ հայ-ամերիկյան նման մեծ հանրություն ունեցող շրջանը եւ կշարունակեմ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ աշխատանքները»,-գրել է ԱՄՆ կոնգրեսականը: