հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս «նոր» հայաստանին. Բագրատ Սրբազանի նամակը ԱԱԾ մեկուսարանից

Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս «նոր» հայաստանին. Բագրատ Սրբազանի նամակը ԱԱԾ մեկուսարանից

Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից փաստաբանների միջոցով նամակ է փոխանցել ժողովրդին, որը ներկայացնում ենք ստորև.

«Իմ շատ սիրելի ժողովուրդ,

Նախ ցանկանում եմ ամբողջ սրտով խոնարհ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր աջակցության և զորակցության համար և ձեր ներողամտությունը հայցել անհարմարություններ պատճառելու համար։ Ստի և կեղծիքի վրա հիմնված չարիքի իշխանությունը այլ կերպ չի կարող վարվել, քան հալածելը, լռեցնելը բոլոր նրանց, ովքեր ճշմարտության և արդարության ճանապարհի մարտիկներ են, ում համար թանկ է Հայրենիքը, սեփական պետությունը և պատիվը։ Չկա ավելի քաղցր երևույթ, քան հալածվելը Հայրենիքի և պատվի համար։ Պատիվ է մեզ անցնել այս ճանապարհը։ Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, իմ, մեր որոշումը մեկն է՝ մեր խոցված մոր՝ Մայր Հայաստանի ազատագրումը, մեր պատվի և ուրախության վերականգնումը։ Չտրտմե՛ք, չընկճվե՛ք, չկասկածե՛ք և չտատամսե՛ք. իր վերջին օրերն ապրող չարիքը գլորվելու է և մենք կերտելու ենք մեր կյանքի նոր արշալույսը։ Այո՛, Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս «նոր» հայաստանին, Եռագույնը՝ սև ու սպիտակին, Տաճարը՝ փողոցին։ Քանի որ մեր երազներն ու իղձերը ավելի են, քան մեր կյանքի սահմանափակ թվով օրերը։ Ապրում եմ կյանքիս ամենաերջանիկ օրերը, քանզի հենց ինձ և ձեզ է տրված իրականացնելու մեր Տան կառուցման առաքելությունը, կյանքի կոչելու մեր Ավետյաց Երկրի Տեսիլքը։ Մեր հաղթանակը այլընտրանք չունի...

Հ.Գ. Փաստաբան Սերգեյ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ ՔՊ-ական պատգամավորները սուտ լուրեր են տարածում, իբր դատական նիստի ընթացքում հաստատել եմ չարիքի իշխանության տարածած ձայնագրությունների իսկությունը։ Ստի ու կեղծիքի իշխանությունը չի կարող այլ բան անել, քան սուտ ու կեղծիք տարածելը։ Բայց, ինչպես արդեն ասացի, ստի վերջը մոտ է։ Ամեն բան լավ է լինելու»,– ասվում է նամակում։

Հիշեցնենք, որ այս գիշեր Երևանի Նոր Նորքի և Ավանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը որոշեց կալանավորել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Ըստ Սրբազան պայքար տելեգրամյան ալիքի՝ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։

  • Կիսվել: