ՀԿԵ-ի կոնցեսիայի մասին Փաշինյանի հայտարարությունը ՌԴ-ում համարել են «հանդուգն և ապակառուցողական քայլ»
Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան («Արդար Ռուսաստան» կուսակցություն) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի մասով Ռուսաստանի նկատմամբ հնարավոր ֆինանսական պահանջների վերաբերյալ հայտարարությունը համարում է հանդուգն և ապակառուցողական քայլ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, ասել է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի համար Ռուսաստանից 2 միլիարդ դոլարի հնարավոր պահանջի մասին ոչ այլ ինչ է, քան հանդուգն և ապակառուցողական քայլ, որը ստվեր է գցում երկկողմ հարաբերությունների վրա և մատնանշում Հայաստանում ներքին ճգնաժամը»:
Ըստ Չեպայի՝ նման «սպառնալիքները», որոնք փաթեթավորվում են որպես «բարեկամական կարգավորում», չեն կարող Մոսկվայի կողմից ընկալվել այլ կերպ, քան ճնշման և պայմանավորվածությունների վերանայման փորձ:
Ավելի վաղ Փաշինյանը չէր բացառել Ռուսական երկաթուղիների կոնցեսիայում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շահագործման հարցով արբիտրաժ դիմելու հնարավորությունը:



