երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Հիմա մեզ արգելում են մտնել մեր աշխատավայր, սա բացահայտ ապօրինություն է. Թագուհի Թովմասյան

Հիմա մեզ արգելում են մտնել մեր աշխատավայր, սա բացահայտ ապօրինություն է. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովում հիմա տեղի է ունենում կոնկրետ ապօրինություն, որովհետեւ ԱԺ նախագահը բիրտ ուժի կիրառման հրահանգով մեզ դուրս է հանել ԱԺ դահլիճից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Հիմա մեզ արգելում են մտնել մեր աշխատավայր: Սա բացահայտ ապօրինություն է: Պատգամավորի գործունեության իրավունքի ուղիղ ոտնահարում: Սա նշանակում է, որ գործ ունենք տարրական անպատժելիության հետ: Ես իրականացնում էի քաղաքական ակցիա, նրանք կարող էին դրան շատ նորմալ վերաբերվել, որովհետեւ ժամանակին իրենք նմանատիպ ակցիաներ շատ են արել, եւ որեւէ մեկն իրենց նկատմամբ այդպիսի բիրտ ուժ չի կիրառել»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում և չի պատրաստվում հեռանալ ամբիոնի մոտից։

Ալեն Սիմոնյանը հորդորեց նրան դադարեցնել ակցիան, ինչին Թովմասյանը չհամաձայնեց, ներս հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները, ապա ընդմիջում հայտարարվեց։
Ընդիջումից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ակցիայի անվան տակ պատգամավորները խոչընդոտում էին ՀՀ ԱԺ սահմանադրական գործընթացը։

  • Կիսվել: