Հիմա ամենաանհարմար ժամանակն է՝ գլոբալ աշխարհաքաղաքական որոշումներ ընդունելու. Մխիթար Զաքարյան
Ի սկզբանե ակնհայտ էր, որ այդպես է լինելու. ինչ-որ տեղ նույնիսկ բնական է, որ հաղթած պետությունը պարտված պետության հետ հարաբերություններում պետք է ձգտիւ առավելագույնին, իսկ մենք պետք է ձգտենք նվազագույն կորուստներով այս իրավիճակից դուրս գանք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մեղրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն հրաժարվում «Զանգեզուրի միջանցք» բացելու գաղափարից:
Նա նկատեց, որ անհամեմատելի են Լաչինչ միջանցքն ու Մեղրիով անցնող ճանապարհը, որովհետեւ Մեղրիի ճանապարհը աշխարհաքաղաքական խոշոր պորտալար է, իսկ Լաչինչ միջանցքը կապելու է արցախահայերին Հայաստանին:
«Այս պահին խնդիր ունենք և դա չենք կարող օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Մենք դեռ պարտությունից ուշքի չենք եկել։ Մենք պետք է ուժեղանանք, նոր կարողանանք հարաբերվել մեր հարեւանների հետ: Իմ կարծիքով, հիմա ամենաանհարմար ժամանակն է՝ գլոբալ աշխարհաքաղաքական որոշումներ ընդունելու», - ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին: