ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտությունում ցանկացած ենթադրյալ ռազմական հանցագործություն պետք է հետաքննվի. ԳԴՀ ՄԻ հանձնակատար
Գերմանիայի Դաշնային Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար Լուիզա Ամթսբերգը կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների մահապատիժը ցուցադրող տեսանյութը: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
Ամթսբերգը, մասնավորապես, նշել է. ՛՛Սարսափած եմ այն տեսանյութից, որը, ըստ երևույթին, ցույց է տալիս հայ ռազմագերիների մահապատիժը։ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտությունում ցանկացած ենթադրյալ ռազմական հանցագործություն պետք է հետաքննվի, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում գնդակահարում գերի հանձնված հայ զինծառայողներին։


