ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն աջակցություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն աջակցություն է հայտնում արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, ով վիրավորական արտահայտությունների էր արժանացել «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի կողմից:
Դեսպան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի անդրադարձը և իր կողմից նշել, որ քաղաքականությամբ զբաղվող կանանց նկատմամբ ատելության խոսքին ի պատասխան Արման Թաթոյանը առողջ արձագանք է տվել:
Հիշեցնենք, որ երեկ «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, ԱԺ Պաշտպանության և մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ներկայիս իշխանությունն իրավական առումով տապալել է «Մարտի 1»-ի գործը, ասել էր. «Արփինե Հովհաննիսյանը՝ լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, նա զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով: Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։