ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն. Խաչատուրյան
ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նա շնորհավորեց իններորդ գումարման առաջին նիստի մեկնարկի կապակցությամբ, շեշտեց՝ այսօր իր աշխատանքն է սկսում ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորված նոր Ազգային ժողովը:
Խաչատուրյանը, մասնավորապես, ասաց. «Սա մեր պետական կյանքի հերթական կարևոր հանգրվանն է, որը վերահաստատում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքը՝ իշխանությունը բխում է ժողովրդից և իրականացվում է նրա կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով»:
ՀՀ նախագահն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին և նշեց, որ նրանց ակտիվ մասնակցությունն ընտրություններին և ազատ կամարտահայտությունը ոչ միայն ժողովրդավարական գործընթացի կարևոր բաղադրիչ են, այլև մեր պետականության կենսունակության, հանրային պատասխանտվության և քաղաքացիական հասունության լավագույն վկայությունը:
«Շնորհավորում եմ խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժին՝ քաղաքացիների վստահության քվեն ստանալու կապակցությամբ, միաժամանակ, շնորհավորում եմ ԱԺ անցած քաղաքական ուժերին, որոնց ընտրել են մեր քաղաքացիները՝ իրենց գաղափարներն ու ակնկալիքները ներկայացնելու և պաշտպանելու համար»,- ասաց նախագահը:
Նա ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն և այնպիսի բանավեճ, որի առանցքում կլինի ոչ թե քաղաքական հակադրությունը, այլ պետական մտածողությունը:



