ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՀ-ն «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաներին միանալու վերաբերյալ վավերագրերն է հանձնել ավանդապահին

ՀՀ-ն «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաներին միանալու վերաբերյալ վավերագրերն է հանձնել ավանդապահին

Հայաստանի Հանրապետությունը 1899 թվականի և 1907 թվականի «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաներին միանալու վերաբերյալ վավերագրերն է հանձնել նշյալ կոնվենցիաների ավանդապահին, այն է՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը։ Այսպիսով, կոնվենցիաների ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը կդառնա Մշտական արբիտրաժային ​​դատարանի 125-րդ պայմանավորվող կողմը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Հայաստանի Հանրապետության վավերագրերը հանձնել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովը, Մշտական արբիտրաժային ​​դատարանի գլխավոր քարտուղար, դոկտոր Մարչին Չեպելակի ներկայությամբ։ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության պայմանագրերի բաժնի ղեկավար Ժյուլ ֆան Այնդհովենը հաստատել է Հայաստանի Հանրապետության վավերագրերի ստացումը։
 
Իր խոսքում դեսպան Բիյագովը նշել է. «Որպես դիվանագետ՝ ինձ համար մեծ պատիվ է կոնվենցիաների ավանդապահին՝ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը, պաշտոնապես հանձնել սույն վավերագրերը: Սա Հայաստանի համար ևս մեկ նվաճում է, որը վերահաստատում է մեր ազգի անսասան հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, վեճերի խաղաղ կարգավորմանը և բազմակողմ համագործակցությանը:
 
 
Միանալով Մշտական ​​արբիտրաժային դատարանին, որը հիմնադրվել է 1899թ. Հաագայի խաղաղության առաջին համաժողովում և հանդիսանում է միջազգային վեճերի կարգավորման առաջին կառույցը, Հայաստանը միանում է քաղաքակիրթ երկխոսության, դիվանագիտության և արդարադատության սկզբունքներով առաջնորդվող համաշխարհային համայնքին:
 
Մենք ցանկանում ենք մեր խորը երախտագիտությունը հայտնել Մշտական ​​արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար, դոկտոր Մարչին Չեպելակին և նրա թիմին՝ իրենց նվիրվածության, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությանը՝ և՛ որպես Դատարանի ընդունող երկիր, և՛ որպես երկու կոնվենցիաների ավանդապահ, միջազգային իրավական կառույցներին և ընդհանուր առմամբ իրավունքի գերակայությանը ցուցաբերած անսասան աջակցության համար: Նիդերլանդների երկարատև և անգնահատելի դերը իրավական երկխոսության մշակույթի և վեճերի խաղաղ կարգավորման խթանման գործում իսկապես հիացմունքի է արժանի»:

  • Կիսվել: