հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Սա նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Սա նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Սա ակնհայտ տեռորիստական ակտի նախապատրաստում է, և սա նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր: Այս մասին այսօր Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով այսօր ՔԿ-ի կողմից կատարված գործողությունների մասին, որոնց արդյունքում, ըստ Քննչական կոմիտեի, բացահայտվել է հեղաշրջման պլան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել Բագրատ Սրբազանին։

ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։

Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։

Հավելենք, որ այս պահին դատարանում քննվում է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանին կալանավորելու հարցը:

Մանրամասները՝ ստորև.

  • Կիսվել: