ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը մտադիր ենք շարունակել Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը մտադիր է շարունակել Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ–ի՝ 2026-ի գործողությունների ծրագրում, տեղեկացնում է APA-ն:
Ինչպես նշվում է փաստաթղթում՝ Հարավային Կովկասում ամուր խաղաղության և կայունության ապահովումը շարունակում է մնալ Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային առաջնահերթություններից մեկը։ Թուրքիան մտադիր է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգման միջոցով»,-ասված է փաստաթղթում:
Թուրքիայի ԱԳՆ-ն նաև նշել է, որ տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և անվտանգության հասնելու համար հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է զարգանան համաժամանակյա։ Անկարան նաև մտադիր է պահպանել Բաքվի հետ սերտ համակարգվածությունը տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակներում։
Փաստաթղթում առանձին նշվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև «պատմական, մշակութային և լեզվական ընդհանրությունների» վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը կամրապնդվի համագործակցության երկկողմ և բազմակողմ ձևաչափերի հաշվին։ Անկարան հույս ունի, որ սա կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարեկեցության ամրապնդմանը։
Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարել է Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը հետագայում ևս ամրապնդելու մտադրության մասին՝ «հակամարտությունների կարգավորմանը» նպաստելու և «տարածաշրջանում խաղաղության օրակարգը առաջ մղելու» համար։


