ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան
Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումը շարունակում է արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություններից մեկը մնալ։ Այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
«Այդ մոտեցումը կարտացոլվի նաև նոր կառավարության ծրագրում»,- հավելեց նա։
Փաշինյանը նշեց` Երևանը նաև հանդես է գալիս ի պաշտպանություն այն սկզբունքների, որոնք դրված են ԵԱՏՄ-ի հիմքում։
«Կազմակերպության հիմնարար սկզբունքներից է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժը: Ցավոք, այդ սկզբունքները գործնականում լիարժեքորեն չեն իրագործվում։ Առանձին սահմանափակումները և վարչական գործողությունները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը՝ նվազեցնելով բիզնեսի վարման պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անցկացվում է Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում` Իսիկ Կուլ լճի ափին։ ԵԱՏՄ-ի գործունեության մեկնարկից ի վեր սա 47-րդն է և երկրորդը ընթացիկ տարում։ Նախորդ նիստը տեղի է ունեցել մարտի 26-27-ը Ղազախստանի Շիմքենդ քաղաքում:


