ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ադրբեջանական կողմից հնարավոր էսկալացիայի մասին ազդակներ չկան. Սաֆարյան

Ադրբեջանական կողմից հնարավոր էսկալացիայի մասին ազդակներ չկան. Սաֆարյան

Ադրբեջանական կողմից հնարավոր էսկալացիայի մասին ազդակներ ՀՀ իշխանությունները չունեն։ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
 
Սաֆարյանը չի կարծում, որ ադրբեջանական կողմից սահմանին տեղի ունեցող սադրանքները հնարավոր էսկալացիայի մասին ազդակներ են։
 
Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ իշխանությունների նախաձեռնած Խաղաղության օրակարգին` փոխնախարարն ասաց, որ իրենք շարունակում են հավատարիմ լինել այս օրակարգին, շարժվել այդ ուղղությամբ։
 
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցք տրամադրելուն, ապա Սաֆարյանը վստահեցրեց, որ հայկական կողմի մինչ օրս հնչեցված դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա։
Հաղթանակի զբոսայգում լրագրողները նրանից նաև հետաքրքրվեցին` արդյոք փոխնախարարը շնորհավորել է նաև Շուշիի ազատագրման օրը։ Այս հարցը բարկացրեց նրան. «Քանի անգամ կրկնեմ, այսօր տոնում ենք Հաղթանակի տոնը` Հայրենական մեծ պատերազմի»։
 
Իսկ նախորդ տարիներին ի՞նչ եք նշել, կամ երբևէ նշվե՞լ է Շուշիի ազատագրման օրը հարցին Սաֆարյանը պատասխանեց կարճ. «Նշվել է, այո»։ Թե ինչու այսօր էլ չի նշվում, փոխնախարարը պատասխանեց. «Հայտնի պատճառներով»։

  • Կիսվել: