ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված ընդունելություն՝ Բուլղարիայի Ազգային պատմության թանգարանում
Հոկտեմբերի 2-ին Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Բուլղարիայի Ազգային պատմության թանգարանի գլխավոր սրահում կազմակերպել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն։ Այդ մասին հայտնում է Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Միջոցառումը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության պետական օրհներգերի կենդանի կատարմամբ՝ իտալահայ հայտնի տենոր Հայկ Վարդանյանի և տաղանդավոր բուլղարացի սոպրանո Միլենա Սլավովայի մասնակցությամբ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայի արտաքին գործերի փոխնախարար Իվանկա Տաշևան։
Իր ելույթում դեսպան Համբարձումյանն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերություններում արձանագրված էական առաջընթացին՝ մասնավորապես ընդգծելով երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրումը։
Դեսպանը հատուկ շեշտադրել է բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, կրթական և մշակութային համագործակցության ընդլայնումը, մի շարք կարևոր երկկողմ փաստաթղթերի ստորագրումը, Սոֆիայում «Հայաստանի պուրակի» անվանակոչումը, Բուլղարա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի ստեղծումը, ինչպես նաև 2026 թվականի առաջին կիսամյակում արձանագրված երկկողմ առևտրաշրջանառության նշանակալի աճը։

Դեսպան Համբարձումյանը ներկաներին ներկայացրել է նաև Հայաստանի խաղաղության օրակարգը, երկրի տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները, ինչպես նաև խաղաղ և բարգավաճ տարածաշրջան ձևավորելու Հայաստանի տեսլականը։
ՀՀ Անկախության 35-ամյակի կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ հղելով՝ Բուլղարիայի արտաքին գործերի փոխնախարար Իվանկա Տաշևան իր ելույթում գոհունակություն է հայտնել հայ-բուլղարական ավանդաբար գերազանց հարաբերությունների և դրանց դինամիկ զարգացման կապակցությամբ։ Նա ընդգծել է Բուլղարիայի լավ ինտեգրված և բարձր հարգանք վայելող հայ համայնքի կարևոր դերը երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում և որակել Հայաստանը որպես Բուլղարիայի համար մտերիմ բարեկամ և հուսալի գործընկեր Հարավային Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում։
Իվանկա Տաշևան բարձր է գնահատել այս տարվա մայիսի 3-ին Բուլղարիայի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրումը, որը «ոչ միայն քաղաքական փաստաթուղթ է, այլև մեր երկրների միջև կենսունակ կապի և տնտեսության, առևտրի և ներդրումների, նորարարության, տեխնոլոգիաների և արհեստական բանականության, տրանսպորտի, կրթության, գիտության և մշակույթի, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ ջանքերի արտացոլում»։
Իվանկա Տաշևան իր ողջույնի խոսքում փոխանցել է նաև Արտաքին գործերի նախարար տիկին Վելիսլավա Պետրովայի՝ Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված՝ խաղաղության, բարեկեցության և բարգավաճման ջերմագին մաղթանքները։
Միջոցառմանը ներկա էին Բուլղարիայի գործող և նախկին կառավարության անդամներ, նախագահի աշխատակազմի և արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի փոխնախագահը և բոլոր խմբակցությունների ղեկավարները, պատգամավորներ, քաղաքապետեր, Բուլղարիայում հավատարմագրված մի քանի տասնյակ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Բուլղարիայի հասարակական, գործարար և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև բուլղարահայ համայնքային կառույցների և հոգևոր դասի ներկայացուցիչներ։
Երեկոն վարել է «Mrs. Planet 2025» տիտղոսակիր, բուլղարահայ Մանիտա Վարդան Հաչիկյանը։ Երաժշտական կատարումներով հանդես է եկել բուլղարահայ հայտնի կոմպոզիտոր և երգիչ Հայկաշոտ Աղասյանը։
Միջոցառման պաշտոնական մասին հաջորդել է կոկտեյլ-ընդունելություն, որի ընթացքում հյուրերին մատուցվել են հայկական ավանդական ուտեստ և խմիչքներ։



