ՀՀ ԱԳՆ-ն կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը:
2025թ. մայիսի 26-27, Երևան
Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի միջոցով ընձեռնվող առավելությունների վերաբերյալ հարցերի։ Քննարկումների շրջանակներում կհասցեագրվեն նաև այն ուղիները, որոնք հնարավորություն են տալիս «բնության հետ ապրել ներդաշնակ», այդ թվում՝ առաջիկա COP30 և COP17 համաժողովների առաջնահերթությունները, ինչպես նաև խորությամբ կուսումնասիրվեն արհեստական բանականության՝ միաժամանակ վերափոխող և բարդ ազդեցությունները։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Այսօրվա բարդ միջավայրը ձևավորվում է աշխարհաքաղաքական ու տնտեսական անորոշությունների միջով, որոնք ենթադրում են նշանակալի փոփոխություններ, բայց նաև ստեղծում են նոր հնարավորություններ։ Բաց և իմաստալից երկխոսությունն ունի էական նշանակություն արդյունավետ լուծումներ մշակելու հարցում։ Այս համատեքստում, սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին»։
Թեմատիկ քննարկումները կներառեն հետևյալ ուղղությունները՝
գլոբալ աշխարհաքաղաքական միտումներ,
խաղաղության և անվտանգության դիլեմաներ,
ԵՄ-ում և դրա հարևանությամբ առկա միտումները
հաղորդակցություններ. առևտուր և տրանսպորտ,
արհեստական բանականության քաղաքականություն,
կանաչ զարգացում։
Այս տարվա միջոցառումը կազմակերպվում է «Դիտորդ հետազոտականհիմնադրամի» (ORF) (Observer Research Foundation) հետ գործընկերությամբ, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի և Վարշավայի անվտանգության ֆորումի (Warsaw Security Forum) հետ համագործակցությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության (French Ministry for Europe and Foreign Affairs)՝ Վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի աջակցությամբ։
Օրակարգը և հավելյալ տեղեկատվությունը հասանելի է միջոցառման պաշտոնական կայքէջում. yerevandialogue.com, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: