կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարն իր ճապոնացի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները

ՀՀ ԱԳ փոխնախարարն իր ճապոնացի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները

Տոկիոյում փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ճապոնիայի ԱԳ նախարարի փոխօգնական, Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ Մասակի Իշիկավայի գլխավորությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, տեխնոլոգիական, կրթամշակութային, զբոսաշրջային և հումանիտար ոլորտներում առկա երկխոսությանը՝ կարևորելով նշված ոլորտներում հարաբերությունների զարգացման և ընդլայնման անհրաժեշտությունը։

«Երկուստեք ընդգծվել է նախորդ տարի երկու երկրների վարչապետների միջև կայացած հանդիպումը և երկկողմ այցերի շարունակականության կարևորությունը»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների շրջանակում գործակցությանը՝ կողմերը գոհունակությամբ են արձանագրել բազմակողմ հարթակներում ձևավորված համագործակցության դրական դինամիկան։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ընթացիկ տարում Հայաստանում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալման շրջանակներում համագործակցության հնարավորությանը։

Հաղորդվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային իրողությունների շուրջ, ինչի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումն ու ընթացիկ գործընթացները։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1241206

  • Կիսվել: