կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Հերքում եմ, որ նման հարց երբևէ որևէ մեկի հետ քննարկել եմ. Փաշինյանը՝ Կճոյանին տեղապահ նշանակելու մասին

Հերքում եմ, որ նման հարց երբևէ որևէ մեկի հետ քննարկել եմ. Փաշինյանը՝ Կճոյանին տեղապահ նշանակելու մասին

Առաջիկա կիրակի օրվա հետ կապված՝ հարցեր կան, որովհետև ես այց ունեմ և պետք է մեկնեմ միջազգային միջոցառման: Հիմա պետք է փորձենք տեսնել՝ ինչպես անենք, որ այնտեղ էլ չուշանամ: ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն է, և պետք է մեկնեմ, որը շատ շուտ էր պլանավորված, հակառակ դեպքում այլ կերպ կպայմանավորվեինք: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե առաջիկա կիրակի որտեղ է մասնակցելու պատարագին, հնարավո՞ր է՝ դա լինի Էջմիածինը:

Մեկ այլ դիտարկմանը ի պատասխան, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կաթողիկոսի տեղապահ նշանակել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, վարչապետը հայտարարեց՝ ես պատասխանատու կերպով ասում եմ, որ դա իմ որոշումը չի կարող լինել, դա եպիսկոպոսաց դասի որոշումը պետք է լինի: Իսկ եթե կարծիք հարցնեն, կարտահայտի իր դիրքորոշումը;

Փաշինյանը նաև ընդգծեց՝ նրանք, ովքեր այլ դիտանկյունից են նայում հարցին, սխալ են հասկանում իրավիճակը, քանի որ իր օրակարգը բացառապես հոգևոր է և բովանդակային, իսկ անձերի հետ առնչվում է այնքանով, ինչքանով առնչվում է հոգևոր բովանդակության հետ:

«Այս օրակարգում ես չեմ հետապնդում ինտրիգներ, եթե ինտրիգներ հետապնդելու լինեի, շատ վաղուցվանից շատ ձևեր և տարբերակներ կային, ես կգնայի այդ տարբերակով:

Ո՛չ, ձեր հարցի ուղիղ պատասխանն է՝ ո՛չ: Ես հերքում եմ ընդհանրապես, որ ես մտածում եմ տեղապահի որևէ թեկնածուի մասին: Ես հերքում եմ, որ նման հարց երբևէ որևէ մեկի հետ քննարկել եմ:

Տեղապահի մասին էլ, եթե կարծիք հայտնեն, չեմ փախչի, կասեմ: Ովքեր ընտրության լիազորություն ունեն, ինձ հարցնեն կարծիք, կասեմ, չեն հարցնի՝ չեմ էլ ասի... Եթե հիմա ես կարծիք արտահայտեմ պոտենցիալ որևէ թեկնածուի վերաբերյալ (ինչքան գիտեմ՝ ցանկացած եպիսկոպոս կարող է լինել), կնշանակի՝ կխախտեմ այն սկզբունքը, որ ես չեմ խառնվում այդ գործերին:

Այ, դուք, եթե եպիսկոպոսաց ժողովի մասնակից լինեիք, հարցնեիք, կպատասխանեի: Երբ այդ լիազորությունն ունենաք, խոստանում եմ՝ կպատասխանեմ»,- ասաց նա:

  • Կիսվել: