երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
«Հայկական խաչմերուկը» թշնամու կողմից պարտադրված ծրագիր է. Արթուր Խաչատրյան

«Հայկական խաչմերուկը» թշնամու կողմից պարտադրված ծրագիր է. Արթուր Խաչատրյան

«Հայկական խաչմերուկ» նախագծի ներքո տնտեսական որևէ նպատակահարմարություն չկա։ ՀՀ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի քննարկմանը խմբակցության անունից ելույթ ունենալով` ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այդ հարցով պարզաբանմանը։
 
«Դա թշնամու կողմից պարտադրված ծրագիր է` որպես սեփական նախաձեռնություն ներկայացնելու նուրբ արվեստի դրսևորում»,– հայտարարեց նա։
 
Խաչատրյանը նաև նշեց, որ «Հայաստան» դաշինքը մանրակրկիտ ուսումնասիրել է 2024 թ. պետական բյուջեն և այն կարծիքին է, որ ՀՀ պաշտպանական բյուջեի ընդամենը 7 տոկոսանոց աճը բավարար չէ` մանավանդ հաշվի առնելով թշնամու ագրեսիվ հռետորաբանությունը։
«Փոխարենը 16 տոկոսով ավելացվում է ՆԳՆ բյուջեն։ Փաստորեն, ՀՀ կառավարության համար սպառնալիք են ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան, այլ ՀՀ քաղաքացիները»,– ընդգծեց Խաչատրյանը։
 
Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա, ըստ նրա` 2023 թ. արձանագրված ու 2024 թ. սպասվող տնտեսական բարձր աճը պայմանավորված են ոչ թե ՀՀ կառավարության ակտիվ գործունեությամբ, այլ ռուս–ուկրաինական հակամարտության տնտեսական հետևանքներով։ Մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորի խոսքով` դրան նպաստել են վերաարտահանման շնորհիվ ապրանքաշրջանառության աճը, դրամական և ուղևորահոսքերի հոսքերի տրանզիտը։
«Օրինակ` 2023 թ. ՀՆԱ–ին աճին նպաստել են ավտոմոբիլների ու մոտոցիկլետների աճը երկրում։ Այս տարվա առաջին 9 ամսում այս ճյուղն աճել է 58.4 տոկոսով։ ՀՀ–ն դարձել է ավտոմոբիլային տրանզիտի երկիր»,– նկատեց Խաչատրյանը։
 
Անդրադառնալով աշխատաշուկային` պատգամավորը նշեց, որ առաջին եռամսյակում 26 հազար ՀՀ քաղաքացի է լքել երկիրը, նրանց փոխարեն ՀՀ աշխատաշուկան զբաղեցնում են հնդիկներն ու պակիստանցիները։
 
Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին։

  • Կիսվել: