Հայկ Հարությունյանի ցուցմունքն այնքան ճիշտ էր, որ հենց մեզ էր պետք. Լևոն Քոչարյան
Հայրս Հայկ Հարությունյանի հետ կատարվածի համար շատ է ցավում: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը:
Նա պատմեց, որ հոկտեմբերի 2-ին հանդիպել է հոր հետ. «Հայկ Հարությունյանն այն մարդկանցից էր, ում հայրս շատ է գնահատել, նա շատ պարկեշտ անձնավորություն է եղել, իր գործը ճշգրիտ կատարող: Նա այն կերպարը չէր, որ սխալ բաների մեջ թաթախված լիներ, այդ մարդն իր գործը փայլուն կատարում էր»։
Դիտարկմանը, որ Հայկ Հարությունյանի մահվանից հետո տարածվեցին լուրեր, որ վերջինիս վրա ճնշում է եղել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ ցուցմունք տա «Մարտի 1-ի» գործով, Լևոն Քոչարյանն ասաց. «Մենք խոսել ենք, ասում է՝ Հայկի ցուցմունքը էնքան լավ, ճիշտ ու իրականությանը համապատասխանում է, որ հենց մեզ էր շատ պետք, որ Հայկ Հարությունյանը գար ու ցուցմունք տար։ Ցուցմունքները հասանելի է բոլորին, այնտեղ Հայկ Հարությունյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ամեն ինչ այնպես պետք է արվի, որ հանկարծ մարդ չվնասվի, չկիրառվի ուժ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի Բջնիում գտնվող իր առանձնատանը գտել են Մարտի 1-ի գործով առանցքային վկա, 2008-ին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։