կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի Ֆրանսիայի, շատ վատ՝ Ադրբեջանի հետ. հարցում

Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի Ֆրանսիայի, շատ վատ՝ Ադրբեջանի հետ. հարցում

Հայաստանը ներկայում առավել լավ հարաբերություններ ունի Ֆրանսիայի, առավել վատ՝ Ադրբեջանի հետ:

Այսպիսին են Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ մեր երկրի բնակչության շրջանում ԲՐԵՎԻՍ ընկերության անցկացրած հարցման արդյունքները:

Հարցման մասնակիցներին առաջարկվել է պատասխանել հետևյալ հարցին. «Ինչպե՞ս կգնահատեք հարաբերությունների ներկա վիճակը Հայաստանի և […] միջև»:

Պատասխանողների մեծամասնությունը՝ 50 տոկոսը, համարում է, որ Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի Ֆրանսիայի հետ: 46 տոկոսը այդպես է գնահատել Հնդկաստանի, 36-ը՝ Իրանի, 19-ականը՝ Եվրամիության և Չինաստանի, 15-ը՝ Վրաստանի, 14-ը՝ ԱՄՆ-ի, 8-ը՝ Ռուսաստանի, 6-ը՝ Թուրքիայի, 5-ը՝ Ուկրաինայի, 4-ը՝ Ադրբեջանի, 2-ը՝ Իսրայելի հետ: 

«Որոշ չափով լավ» պատասխանի տիրույթում պատասխաններն այսպիսին են. ԱՄՆ՝ 55, Եվրամիություն և Չինաստան՝ 54-ական, Վրաստան՝ 52, Իրան՝ 49, Հնդկաստան՝ 44, Ֆրանսիա՝ 39, Ուկրաինա՝ 38, Ռուսաստան՝ 34, Թուրքիա՝ 24, Իսրայել՝ 15, Ադրբեջան՝ 9 տոկոս:

«Որոշ չափով վատ». Ռուսաստան՝ 32, Ուկրաինա՝ 27, Թուրքիա՝ 26, Իսրայել՝ 25, Վրաստան՝ 23, ԱՄՆ՝ 18, Ադրբեջան՝ 16, Եվրամիություն՝ 14, Չինաստան՝ 11, Իրան՝ 8, Ֆրանսիա՝ 6, Հնդկաստան՝ 4 տոկոս:

«Շատ վատ». Ադրբեջան՝ 67, Իսրայել՝ 43, Թուրքիա՝ 39, Ռուսաստան՝ 24, Ուկրաինա՝ 19, Վրաստան՝ 8, Եվրամիություն և ԱՄՆ՝ 7-ական, Իրան և Չինաստան՝ 4-ական, Ֆրանսիա և Հնդկաստան՝ 2-ական տոկոս: 

«Դժվարանում/հրաժարվում է պատասխանել». Իսրայել՝ 15, Չինաստան՝ 12, Ուկրաինա՝ 11, Եվրամիություն և ԱՄՆ՝ 6-ական, Թուրքիա՝ 5, Հնդկաստան և Ադրբեջան՝ 4-ական, Ֆրանսիա, Իրան և Վրաստան՝ 3-ական, Ռուսաստան՝ 2 տոկոս:

Հարցման կազմակերպիչների տեղեկացմամբ՝ տվյալները հավաքվել են 2025 թվականի հունիսի 16-26-ը՝ հեռախոսային հարցման մեթոդով:  (CATI)։ Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած ՀՀ 1505 քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։ Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։

Հարցմանը մասնակցելու ցուցանիշը 25 տոկոս է: Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։ Կլորացման պատճառով գծապատկերների թվերի գումարները կարող են տարբերվել 100 տոկոսից։

 

  • Կիսվել: