երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հայաստանը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները՝ համոզմունքով, որ դրանք Հայաստանն ավելի են մոտեցնում ԵՄ-ին․ Միրզոյան

Հայաստանը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները՝ համոզմունքով, որ դրանք Հայաստանն ավելի են մոտեցնում ԵՄ-ին․ Միրզոյան

Երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման գործընթացում, բայց հիմա քննարկման սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ և ծրագրեր։Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ ծրագրերի մի մասը բխում են ՀՀ-ԵՄ միջև գործող SEPA պայմանագրից, և մի շարք ծրագրեր պայմանագրից դուրս են։

«Հնարավորություն ունեցանք քննարկելու այդ հարցերը և՛ Եվրոպական Միության ուղարկած գնահատման առաքելության այցի շրջանակներում, և՛ մեկ ամիս առաջ նրանց հետ հանդիպումների ժամանակ, և՛ Բրյուսել կատարած իմ այցի ժամանակ, երբ պատիվ ունեցա մասնակցելու ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը, շփվել իմ գործընկերների հետ, այդ թվում՝ Հունաստանի ջանքերով և նախաձեռնությամբ»,- նշեց Միրզոյանը։

Նա շեշտեց, որ այդ աշխատանքներն ու ջանքերը շարունակական են։ Հայաստանն իր կողմից շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները բոլոր ոլորտներում՝ համոզմունքով, որ այդ բարեփոխումներն իրենց հերթին Հայաստանն ավելի են մոտեցնում Եվրոպական Միությանը։

«Այժմ Հայաստանի համար հատկապես անվտանգային հարթության վրա կենսական, չափազանց կարևոր նշանակություն ունի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը»,- ասաց նախարարը։

Ըստ նրա` սա ևս մեկ գործոն է, որն անվտանգություն և խաղաղություն է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագոտում, և համագործակցության մի ոլորտ, որը ևս ենթակա է զարգացման։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: