կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Հայաստանը որևէ մեկի հետ կռված չէ, որ հաշտեցման օրակարգ ունենա. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանը որևէ մեկի հետ կռված չէ, որ հաշտեցման օրակարգ ունենա. Ռուբեն Ռուբինյան

 Հայկական երկաթուղիների կառավարման հարցը ոչ թե աշխարհաքաղաքական, այլ զուտ տնտեսական խնդիր է։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
 
«Մենք ոչինչ չունենք Ռուսաստանի դեմ, ոչինչ չունենք «Ռուսական երկաթուղիների» դեմ։ Բայց մենք ունենք խնդիրներ մեր մեկուսացման դեմ, չենք ուզում մնալ մեկուսացման մեջ, պետք է լուծում գտնել, որ մենք չմնանք երկաթուղային մեկուսացման մեջ և չկորցնենք տրանզիտ երկիր դառնալու հնարավորությունը»,- ասաց Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ հայաստանյան երկաթուղին ռուսական կոնցեսիայի տակ է, իսկ ռուսական ընկերություններն էլ պատժամիջոցների ներքո են։ Այս իրավիճակում ստեղծվում է վտանգ, որ Հայաստանը կարող է կորցնել տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը, տնտեսական կորուստներ ունենալ։ Բացի այդ, երկաթուղին ունի վերազինման, վերականգնման կարիք։ Ռուբինյանի ընկալմամբ՝ ռուսական կողմն այնքան էլ հակված չէ դա անելու, քանի որ կարծում է՝ այնքան էլ եկամտաբեր չի լինելու։ Նրա գնահատմամբ՝ լավ է, որ երկու երկրների միջև հարցի շուրջ քննարկում կա, կարծում է, որ շուտով դրական արդյունքներ էլ կլինեն։
 
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Ռուսաստանի հետ հաշտեցման օրակարգով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ այցելելու ՌԴ, Ռուբինյանը նշեց՝ հաշտեցման օրակարգ չկա, որովհետև Հայաստանը որևէ մեկի հետ կռված էլ չէ։
 
«Մենք ունենք գործընկերների հետ բարեկամաբար և գործընկերային մթնոլորտում բոլոր հարցերը լուծելու օրակարգ՝ բնականաբար, ՀՀ շահերի և փոխադարձ շահերի վրա հիմնվելով»,- ասաց ԱԺ նախագահը։

  • Կիսվել: