ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձության առջև. Լավրով

Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձության առջև. Լավրով

Հայաստանը կանգնած է ընտրության փորձության առաջ՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Այժմ հարևան Հայաստանը նույնպես անցնում է եվրոպական միության այդ հայտնի «կամ-կամի» փորձության միջով․ ընտրե՛ք։ Նախագահ Պուտինը այս թեմայի մասին բավական մանրամասն խոսել է նաև մայիսի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ։ Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի, ինքնուրույն կատարի իր ընտրությունը՝ ցանկանում է մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե միանալ Եվրոպական միությանը։ Մենք կհարգենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն, սակայն այդ ընտրությունը պետք է արվի»,– ասել է նա։

Լավրովի խոսքով՝ եթե Երևանն արդեն ընդունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք, ապա Հայաստանի իշխանություններն իրենք են հարցը դրել հստակ ընտրության առաջ։

«Եթե նման օրենք կա, նշանակում է՝ դու ինքդ ես հարցը դրել կտրուկ ձևով։ Այդ դեպքում եկեք պատասխան տանք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին»,– ընդգծել է նախարարը։

Հիշեցնենք՝ Հայաստանի խորհրդարանն ընդունել էր Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Միաժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին պետք է դառնա ժողովրդական կամարտահայտության առարկա։

  • Կիսվել: