Հայաստանը դառնում է ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության կենտրոն. Փաշինյան
Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը դառնում է ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության կենտրոն՝ ընդգծելով, որ վերջին տարիներին իրականացված ծրագրերն արդեն տալիս են շոշափելի արդյունքներ։ Գեղարքունիքի մարզի Ծովակ բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ստորագրված երեք փոխըմբռնման հուշագրերին, որոնցից մեկը վերաբերում էր արհեստական բանականության ոլորտում համագործակցությանը։
Փաշինյանի խոսքով՝ այդ ժամանակ քննադատություններ էին հնչում, թե ստորագրված փաստաթղթերը գործնական նշանակություն չունեն։
«Ի՞նչ էին ասում։ Ասում էին՝ թղթի կտոր է, ոչ մի իրավական ուժ չունի, ոչ մի հետևանք չունի, անիմաստ փիառ նպատակով ստորագրված թուղթ է»,- նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ սակայն անցած ժամանակահատվածում արդեն արձանագրվել են կոնկրետ արդյունքներ։
«Այսօր ի՞նչ ենք տեսնում․ մեկ տարի դեռ չի անցել այդ թղթից, բայց արդեն մենք Երևանի պետական համալսարանում ունենք արհեստական բանականության կենտրոն, արդեն Գեղարքունիքի մարզում՝ Գագարինում, բացվել է առաջին արհեստական բանականության գործարանը»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ տեխնոլոգիական ոլորտում առաջընթացը փոխկապակցված է նաև գիտության զարգացմանն ուղղված պետական քաղաքականության հետ։
Փաշինյանը հիշեցրել է, որ վերջին տարիներին գիտության ֆինանսավորումը զգալիորեն ավելացվել է, իսկ գիտական ոլորտում աշխատավարձերը բարձրացվել են։
Փաշինյանն ընդգծել է, որ պետությունը ներդրումներ է կատարել նաև ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ուղղությամբ՝ նշելով, որ այդ քայլերը նպաստել են նոր տեխնոլոգիաների ստեղծմանն ու կիրառմանը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններն արդեն արտադրանք և սպառազինություն են արտահանում զարգացած երկրներ։
Փաշինյանը նաև նշել է, որ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսի ընթացքում ներկայացվել էին ինչպես տարբեր երկրների արտադրության ժամանակակից զինատեսակներ, այնպես էլ Հայաստանում արտադրված մի շարք սպառազինություններ, ինչը ևս վկայում է երկրի տեխնոլոգիական կարողությունների աճի մասին։
«Հայաստանը, այդ թվում, նաև դառնում է ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության կենտրոն»,- հայտարարել է Փաշինյանը։



