ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Հայաստանը Բրյուսելում դեսպանության համար 4,3 մլն եվրոյով ձեռք կբերի նոր շինություն

Հայաստանը Բրյուսելում դեսպանության համար 4,3 մլն եվրոյով ձեռք կբերի նոր շինություն

Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ Հայաստանը Բրյուսելում դիվանագիտական ներկայացուցչության համար ձեռք կբերի նոր շինություն, որի արժեքը կազմում է 4,3 միլիոն եվրոյին համարժեք դրամ։ 

Աս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով գերատեսչության 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների և  ծախսերի կատարողականը։

Միրզոյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարությունն իրականացրել է բյուջեի 5 հիմնական ծրագիր, որոնցով սկզբնապես հաստատված բյուջեն եղել է 17,1 միլիարդ դրամ, ճշտված բյուջեն՝ 27,8 միլիարդ, իսկ փաստացի ծախսերը կազմել են 27,4 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 98,8 տոկոս։ 

«Ճշտված բյուջեն ավելացել է 10,7  միլիարդ դրամով․ այս տարբերությունը պայմանավորված է եղել հիմնականում 1 գործոնով՝ Փարիզում ՀՀ դեսպանության համար ձեռք բերված նոր շենքով, որի արժեքը կազմել է 9,9 միլիարդ դրամ»,-ասաց Միրզոյանը։

Վերջինս, խոսելով այլ երկրներում ձեռք բերված այլ շենքերի մասին, նշեց, որ 2023 թվականին շինություն էր ձեռք բերվել նաև Լոնդոնում, և հիմա կառավարությունը որոշում է կայացրել ձեռք բերել նոր շենք Բրյուսելում ՀՀ դեսպանության համար, որի արժեքը կազմում է 4,3 միլիոն եվրոյին համարժեք դրամ։ 

«Այս շինությունը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր թաղամասում, հարևանությամբ գտնվում են դեսպանություններ, ներկայացուցչություններ, եվրոպական կառույցներ։ Ֆունկցիոնալ և լոգիստիկ էական առավելություններից բացի, շինության ձեռքբերումը կունենա նաև քաղաքական և խորհրդանշական բաղադրիչ՝ մասնավորապես, հաշվի առնելով Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընդլայնումը և Բրյուսելում առավել տեսանելիություն և ներկայանալիություն ապահովելու կարևորությունը։ Այն մոտավորապես 1500 քառակուսի մետր մակերես ունի։ Եվ, իհարկե, հաշվի առնելով անշարժ գույքի գների շարունակական աճը՝ այս ձեռքբերումը կարող է նաև շահավետ երկարաժամկետ ներդրում լինել»,-մանրամասնեց ԱԳ նախարարը։

Նախարարի բնորոշմամբ՝ ընդհանուր առմամբ օտարերկրյա պետություններում թվով 64 դիվանագիտական ներկայացուցչություններից 20-ի ծառայողական շենքերը հանդիսանում են ՀՀ-ի սեփականություն. դրանցից 6-ը նվիրված են բարերարների կողմից, երկուսը՝ փոխադարձության սկզբունքով, 1-ը հատկացվել է դեսպանընկալ պետության կողմից, 11 շենք ձեռք է բերված ՀՀ բյուջեից, բացի այդ ևս 13 շենք տրված է անհատույց օգտագործման՝ տարբեր կազմակերպությունների կողմից։ Մնացած 31-ը վարձակալվում են Հայաստանի կողմից։  

 

  • Կիսվել: