հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Հայաստանում տարերային, նույնիսկ կարելի է ասել խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են հայտնվում․ Փաշինյան

Հայաստանում տարերային, նույնիսկ կարելի է ասել խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են հայտնվում․ Փաշինյան

«Հայաստանում տարերային, նույնիսկ կարելի է ասել խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են հայտնվում անընդհատ։ Ընդ որում՝ մի տեղ պլաստմասսայից, մի տեղ երկաթից, մի տեղ հին կահույքի կտորներից, մի տեղ շինարարության ավելցուկից և այլն»,- այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հանձնարարական է տվել, որպեսզի տեղի ունեցող գործընթացն ուսումնասիրվի ու գնահատական տրվի։ Պետք է հասկանալ, թե այդ ամենն ինչքանով է տեղավորվում օրենքի ու իրավունքի տրամաբանության մեջ։ «Ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի թեմայի վրա, որ նախկինում մի քանի անգամ առիթ ունեցել եմ խոսելու այդ մասին։

Քաղաքաշինությունը պետական կարևորագույն գործառույթ է, և քաղաքաշինությանն ուղղակի նայել, որ ով որտեղ ինչ ուզեց կառուցեց, բարձրացրեց կամ իջեցրեց, դա մեծագույն պրոբլեմ է։ Ընդհանրապես ինձ համար քաղաքաշինությունը մտածողության ձևերի կազմավորման կարևոր ինստիտուտ է։ Ինձ նախնական տեղեկություն է պետք, թե ինչպես է դա տեղի ունենում։ Պիտի նաև ընդգծեմ իմ համոզմունքը, որ պրոցեսը միշտ չէ, որ քրիստոնեության հետ կապ ունի կամ հավատի հետ կապ ունի, որովհետև վստահ չեմ, որ նման նախաձեռնության հեղինակներին, եթե ասես Աստվածաշնչից կամ Նոր կտակարանից որէ բան պատմիր, կկարողանա պատմել։ Բայց անկախ սրանից, մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում։ Եվ շատ դեպքերում կարող եմ ուղղակի ասել, որ դա ոչ միայն կապ չունի քրիստոնեության, հավատի և քաղաքաշինության հետ, այլև վարկաբեկում է և քրիստոնեությունը, և հավատը, և քաղաքաշինությունը»,- նշեց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ երկրում նաև այսպիսի մշակույթ կա՝ մայրուղիների երկայնքով տեղադրել խաչքարեր վթարի դեպքի առիթով։ «Պատկերացրեք, եկեք մենք բոլոր վթարների առիթով մայրուղիների, ճանապարհների երկայնքով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ի՞նչ կստացվի արդյունքում։ Կներեք, մեր երկրում բնակավայրեր կան, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան։ Հասկանո՞ւմ եք, մենք ուր ենք գնում, ուր ենք շարժվում։ Սա հակապետական, ապապետական դրսևորումներ են, սա չի կարելի»,- հավելեց նա։

  • Կիսվել: