Հայաստանում ռուսաց լեզվին հարգանքով են վերաբերվում. Մատվիենկո
Հայաստանում ռուսաց լեզվին հարգանքով են վերաբերվում։ Այս մասին Երևանում կայացած ճեպազրույցում ասաց ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նա հիշեցրեց, որ իր այցը Հայաստան տեղի է ունենում Ռուսաց լեզվի միջազգային օրը (համընկնում է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվա հետ)։
Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչության մեծ մասը խոսում է ռուսերեն, և չկա որևէ խտրականություն, արգելք կամ սահմանափակում։ Կան նաև բավականին մեծ թվով ռուսական դասարաններ, կա Պուշկինի անվան դպրոց և այլն։ Օրինակ՝ ԿԳՄՍ նախարարը աջակցում է Երևանում ռուսական դեսպանատանը կից ռուսական դպրոցի կառուցմանը։
Նա ընդգծեց, որ այսօրվա հանդիպումների ժամանակ ՀՀ ԱԺ–ում քննարկվել է կրթության ոլորտում համագործակցությունը մեծացնելու անհրաժեշտությունը։ Դասագրքերի կազման մասով գործում է հատուկ աշխատանքային խումբ։ Հայաստանի իշխանություններն աջակցում են այս բոլոր գործընթացներին։
«Ես նկատել եմ, որ ակտիվորեն առաջ է մղվում ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության նախագիծը, որը ստեղծվել է Ղազախստանի նախագահի նախաձեռնությամբ և աջակցություն է ստացել ԱՊՀ պետությունների ղեկավարների կողմից: Վեց պետություն արդեն դարձել է այս կազմակերպության անդամ, Հայաստանը դեռևս չի վավերացրել համաձայնագիրը: Վարչապետը խոստացել է տալ հանձնարարականներ, քննարկել այս հարցը, խթանել դրան», - հավելեց նա։
Հայաստանը նաև նախատեսում է բացել «Սիրիուս» օժտված երեխաների կենտրոն` Սոչիի օրինակով: Հոկտեմբերին Ռուսաստանում կանցկացվեն հայկական մշակույթի մեծածավալ օրեր, և ռուսական կողմը նախատեսում է դրանք անցկացնել բարձր մակարդակով՝ արժանի ներկայացվածությամբ։
Մատվիենկոն հավելեց նաև, որ այցից շատ լավ տպավորություն է ստացել: Նա համաձայն չէ այն մտքի հետ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև վստահության ճգնաժամ կա։ Ինքը նման զգացողություն չունի: Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ հայկական կողմը ցույց է տվել իր հետաքրքրությունն անվտանգության հարցերով բազմակողմանի համագործակցության և փոխգործակցության զարգացման ընդլայնման հարցում: Այս փուլում կարևոր է իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները: