կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Հայաստանում փորձեր են արվում կասկածի տակ դնել հաստատված ստատուս քվոն․ Հաջիև

Հայաստանում փորձեր են արվում կասկածի տակ դնել հաստատված ստատուս քվոն․ Հաջիև

Հայկական հասարակության մեջ կան միտումներ, որոնք ուղղված են տարածաշրջանում նոր քաղաքական իրողությունների փոփոխությանը, Ադրբեջանը դա անընդունելի է համարում։  Այս մասին գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

 

Նրա խոսքով՝ Հայաստանում փորձեր են արվում կասկածի տակ դնել հաստատված ստատուս քվոն։

«Մենք պետք է ուշադիր լինենք հայ հասարակության մեջ «ռևանշիզմի» նոր ալիքի դրսևորումներին։ Արդեն իսկ փորձեր են նկատվում կասկածի տակ դնել ստեղծված ստատուս քվոն, նոր իրողությունները։ Տեսանելի են հայ երիտասարդության գաղափարական մշակման նշանները՝ առճակատման և նոր պատերազմների ոգով։ Դա բացարձակապես անընդունելի է»,-նշել է նա։

 

Հաջիևը կարծում է, որ այդ պատճառով Հայաստանի կառավարությունը պետք է կենտրոնանա սեփական հասարակության վրա:

«Ես հավատում եմ, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը կարեւոր քայլ կլինի այդ ամենը դադարեցնելու ճանապարհին»,-ասել է Հաջիևը։

  • Կիսվել: