Հայաստանն ու Հունաստանը քայլեր են ձեռնարկում տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ
Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով պատասխանատու գլխավոր քարտուղար Դիմիտրիս Սկալկոսը Երևանի ու Աթենքի միջև առկա քաղաքական հարաբերությունները գնահատում է գերազանց, սակայն նկատում է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները շատ սահմանափակ են, իսկ առևտրի ծավալը՝ գրեթե զրոյական։ Նրա խոսքով՝ երկու երկրներն այժմ սկսել են մտածել, թե ինչպես կարելի է փոխել այդ իրավիճակը՝ հաշվի առնելով, որ երկկողմ տնտեսական մեծ ներուժ կա։
Հունաստանի ԱԳ նախարարության պաշտոնյան այս մասին նշել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։
«Երևանն ու Աթենքն արդեն երկար տարիներ գերազանց քաղաքական հարաբերություններ ունեն։ Քաղաքական հարաբերություններ, որոնք կառուցված են ամուր մշակութային և պատմական կապերի վրա։ Վստահ եմ, որ տեղյակ եք՝ Հունաստանում ունենք կենսունակ հայկական համայնք։ Ես այնտեղ շատ ընկերներ ունեմ, և ես իսկապես ուրախ եմ դրա համար։ Սակայն, երբ մենք քննարկում ենք տնտեսական հարցերը, տեսնում ենք, որ մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները շատ սահմանափակ են։ Իրականում, երկկողմ առևտրի ծավալը գրեթե զրոյական է, ինչը տնտեսական տեսանկյունից բացարձակապես անընդունելի է։ Եվ մենք սկսել ենք մտածել, թե ինչպես կարող ենք փոխել այդ իրավիճակը։ Իրականում որոշ ժամանակ առաջ ես հնարավորություն ունեցա քննարկելու այս հարցերը Աթենքում Հայաստանի դեսպանի հետ։ Եվ մենք պլանավորում ենք, հավանաբար, այս աշնանը մեր երկրների միջև համատեղ նախարարական կոմիտե ունենալ՝ համագործակցության կոնկրետ ոլորտները որոշելու համար։ Կարծում եմ, որ չնայած համաշխարհային առևտրի այս բոլոր անկայունություններին՝ հատկապես մեր երկու երկրների միջև երկկողմ տնտեսական իրավիճակը շատ խոստումնալից է»։
Անդրադառնալով «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի անցկացմանը՝ հույն պաշտոնյան նկատել է, որ ներկա աշխարհում առկա մեծ անորոշության մեջ չափազանց օգտակար է քննարկել այն բոլոր թեմաները, որոնք ընդգրկված էին համաժողովի օրակարգում։
«Անհրաժեշտ է այդ բոլոր հարցերին նայել տարբեր երկրների կառավարությունների տեսանկյուններից, քանի որ հիմա ժամանակն է գտնել դժվար հարցերի իրական լուծումները»,-նշել է Դիմիտրիս Սկալկոսը։
Խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի՝ մասնավորապես, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հավանական ստորագրման շուրջ ձևավորված քաղաքական մթնոլորտի մասին ու ներկայացնելով դրա շուրջ Հունաստանի տեսակետը՝ Սկալկոսը շեշտել է, որ Աթենքը գոհունակությամբ է ընդունում բանակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնությունը։
«Իրականում պետք է ասեմ, որ մենք շատ գոհ ենք գործընթացից և, իհարկե, ցանկանում ենք տեսնել դրա իրականացումը։ Հատկապես այս անհանգիստ ժամանակներում չափազանց կարևոր է վարել քաղաքականություն, որը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը։ Քանի որ ես ավելի շատ հետաքրքրված եմ բիզնեսով, իմ կարծիքով՝ դուք չեք կարող գործարարությամբ զբաղվել առանց կայունության, ապահով միջավայր ունենալու և բիզնես միջավայրի համար կանխատեսելի դաշտի առկայության։ Այսպիսով, մենք անհամբեր սպասում ենք այս խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,-ընդգծել է հույն պաշտոնյան։
Սկալկոսի դիտարկմամբ՝ այժմ մարդկությունն ապրում է տնտեսական գլոբալացման դարաշրջանում, ուստի ավելի քան երբևէ կարևոր է տնտեսական անվտանգության հարցերի մասին մտածելը։
«Մեր ժամանակներում պետք է փորձել ունենալ որոշակի տարածաշրջանային կայունություն՝ բիզնեսով զբաղվելու համար։ Եվ երբ խոսում ենք բիզնեսի մասին, ակնհայտորեն և առաջին հերթին մենք քննարկում ենք ցանցերը։ Մեզ անհրաժեշտ են ենթակառուցվածքների, տվյալների ցանցեր։ Այսպիսով, կարծում եմ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կա իրական առաջընթաց տեսնելու հսկայական չիրացված ներուժ։ Եվ երբ մենք տեսնենք այս առաջընթացը, կարող եմ ձեզ վստահեցնել, որ բաց տնտեսություններ ունեցող երկրները, էքստրովերտ տնտեսությունները, ինչպիսին է Հունաստանի տնտեսությունը, արդեն պատրաստ են ձեռնարկել տնտեսական նախաձեռնություններ՝ երկկողմ առևտուրը և երկկողմ ներդրումները խթանելու համար։ Եվ սա այն բանն է, որը մենք արդեն պլանավորում ենք անել»,-շեշտել է զրուցակիցը՝ կարծիք արտահայտելով Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1221862