չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ծանր և խայտառակ զիջումների․ Սաղաթելյան

Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ծանր և խայտառակ զիջումների․ Սաղաթելյան

Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ծանր ու խայտառակ զիջումների։ Սեպտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորն արձանագրեց, որ «4-րդ հայկական հանրապետության իրական օրակարգի» հեղինակները Ալիևն ու Էրդողանն են, իսկ Փաշինյանն ընդամենը կատարող է։

«Պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանն ապօրինի կալանքի տակ է։ Պատահական չէ, որ արքեպիսկոպոսների դեմ քրեական գործեր են հարուցված։ Պատահական չէ, որ Սամվել Կարապետյանը ճնշման տակ է, ինչպես և Ծառուկյանը»,- հայտարարեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ ցանկն ահռելի է, և իշխանությունները կշարունակեն բռնաճնշումները, որպեսզի ազատվեն բոլորից, քանի որ պատրաստվում են էլ ավելի ծանր ու խայտառակ զիջումների։

Պատգամավորն ընդգծեց, որ «Թրամփի ուղին» միջանցք է՝ անկախ նրանից, թե ինչ գեղեցիկ բառեր են օգտագործվում։ «Բայրամովի խոսքերը նույնպես դրա մասին են։ Ինչո՞ւ ոչ ոք չպատասխանեց»,- նշեց Սաղաթելյանը։

Անդրադառնալով Արցախի իշխանության մարմինների նկատմամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը՝ պատգամավորն ընդգծեց, որ անհրաժեշտ է պահպանել Արցախի պետական ինստիտուտները, և բոլոր հանդիպումներում քննարկվում է վերադարձի իրավունքի իրացման հարցը։ «Հույս ունեմ՝ Արցախի ԱԺ պատգամավորները չեն ենթարկվի Հայաստանի իշխանությունների ճնշումներին և կընտրեն խոսնակ։ Մենք կաջակցենք նրանց և միշտ բաց ենք քննարկումների համար»,- հավելեց Սաղաթելյանը։

  • Կիսվել: